ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի – Sputnik. Հանրային տրանսպորտի` այսօր առավոտից բոյկոտ անող վարորդները պահանջում են աշխատանքային պայմանների բարելավում, մասնավորապես, աշխատավարձի բարձրացում։ Ֆեյսբուքյան իր էջում նման տեղեկություն է հրապարակել Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը` հավելելով, որ նմանատիպ սաբոտաժը ծայրահեղ անընդունելի է և չի կարող արդյունք տալ։
Հայտնել էինք, որ այսօր առավոտվանից հանրային տրանսպորտի մի շարք երթուղիներ չեն աշխատում վարորդների բոյկոտի պատճառով։ Կանգառներում մարդկանց կուտակումներ են, իսկ տաքսիներն էլ բարձրացրել են սակագները։
«Ներկայումս քաղաքապետարանը հանրային տրանսպորտի վարորդներին վճարում է մաքուր (հարկերը հանած) 260 000 դրամ աշխատավարձ՝ 15 օրվա աշխատանքի համար։ Մեր տեղեկությունների համաձայն` որոշ վարորդներ պահանջում են նաև վերադառնալ վճարման նախկին «պլանային» համակարգին, երբ վարորդը ստանում էր նվազագույն աշխատավարձ և ուղեվարձերից «սև» եկամուտ»,–նշված է գրառման մեջ։
Կարապետյանի խոսքով` քաղաքային իշխանությունը վճռական է տրանսպորտի բարեփոխումների հարցում և շարունակելու է հետևողական քայլերը հանրությանը որակյալ տրանսպորտային ծառայություն մատուցելու և օրինականության դաշտում աշխատելու ուղղությամբ։
Միաժամանակ, ըստ նրա, շարունակաբար բարելավելու են վարորդների աշխատանքային պայմանները։ Նշվում է նաև, որ այս պահին աշխատանքներ են տարվում՝ վիճակը շտկելու և տրանսպորտի բնականոն աշխատանքը վերականգնելու ուղղությամբ։