ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի – Sputnik. Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի` գերիների վերաբերյալ հայտարարությունը չի բացառվում, որ կազմակերպված է բարձր ղեկավարության կողմից։ Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ նման կարծիք հայտնեց ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը` անդրադառնալով Սիմոնյանի հրաժարականի պահանջին։
Հայտնել էինք` դեկտեմբերի 7-ին համացանցում հայտնվեց Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ գաղտնի նկարահանված մի տեսանյութ, որում ԱԺ նախագահը հայտարարում է` գերիների ծնողներն էլ գիտեն, որ իրենց որդիները դասալքություն են արել։
«Ալեն Սիմոնյանը գերիների վերաբերյալ հայտարարություններ է անում, սակայն առաջին հերթին պետության պարտականությունն է նրանց հայրենիք վերադարձնելը։ Սիմոնյանի հայտարարությունը ոչ միայն հոգեկան ցավ ու տառապանք է պատճառում, այլ նաև Հայաստանի պաշտպանությունն է թուլացնում»,-ասաց Մինասյանը։
Նրա խոսքով` զարմանալի է, որ Սիմոնյանի հրաժարականը պահանջելը ցավոտ ընդունվեց։ Մինասյանը հիշեցրեց, որ օգոստոսի 2-ին, երբ տեղի էր ունենում ԱԺ նախագահի ընտրություն, ընդդիմությունն առաջադրել էր Մխիթար Զաքարյանի ու Արթուր Սարգսյանի թեկնածությունները։ Ընդդիմադիր պատգամավորը նշում է` դեռ այն ժամանակ են ասել, որ այն, ինչ տեղի է ունենում ԱԺ–ում առանց վերոհիշյալ երկու անձանց ներկայության, ապօրինի է ու չի համապատասխանում սահմանադրական կարգավորումներին։ Մինասյանը հիշեցրեց` ՍԴ-ի որոշմամբ էլ արձանագրվել է` պատգամավորներ Արմեն Չարչյանը, Մխիթար Զաքարյանն ու Արթուր Սարգսյանը օգոստոսի 2-ից ապօրինաբար են հայտնվել կալանավայրում։
«Բացի այդ, այս ընթացքը ցույց տվեց, որ գործ ունենք մեկի հետ, որը միջազգային հարթության մեջ կատարում է հայտարարություններ, որոնք ռիսկեր են բերում ՀՀ արտաքին քաղաքականության համար։ Իսկ ԱԺ–ում տեղի ունեցող իրադարձություններն էլ փաստում են` նա չի փայլում պատգամավորական վարքի կանոններով»,–ասաց Մինասյանը։
Լրագրողները հետաքրքրվեցին` ո՞վ է լինելու ԱԺ նախագահի պաշտոնում ընդդիմության թեկնածուն։ Ի պատասխան Մինասյանը նշեց` հարցը քննարկվել է նաև «Պատիվ ունեմ» խմբակցության հետ։
«Մեր թեկնածուին կընտրենք մեր միջից. առաջիկայում «Պատիվ ունեմ»-ը հայտարարությամբ հանդես կգա»,–ասաց Մինասյանը։
Մինասյանը հավելեց, որ հույս չունեն` ԱԺ նախագահին պաշտոնից ազատելու իրենց նախագծով իշխանության վարքագիծը կփոխվի։ Սակայն, ըստ նրա, սա իրավաքաղաքական գնահատական է Սիմոնյանին, և եթե ԱԺ մեծամասնությունը պաշտպանի նրան, նշանակում է, որ կիսում են նրա գնահատականները։
Հիշեցնենք, որ ընդդիմությունը պահանջում է Ալեն Սիմոնյանին ազատել ԱԺ նախագահի պաշտոնից։