Հայաստանի և Թուրքիայի սահմանին՝ դեմքով դեպի Արարատը. Ֆրանսիայի նախագահի թեկնածուն ՀՀ-ում է

Ֆրանսիացի գործիչը հայտարարել էր, որ իր այցով հերթական անգամ աջակցություն է հայտնելու հայ ազգին` նրա վերապրած սարսափելի պատերազմի հետևանքով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի – Sputnik. Ծայրահեղ աջ հայացքներով հայտնի ֆրանսիացի հրապարակախոս, լրագրող, Ֆրանսիայի նախագահի թեկնածու էրիկ Զեմուրը Twitter–ում լուսանկարներ է հրապարակել իր հայաստանյան այցից։
Դրանցում քաղաքական գործիչը Խոր Վիրապի վանական համալիրի տարածքում է` Արարատ լեռան դիմաց։
«Հայաստանի և Թուրքիայի սահմանին՝ դեմքով դեպի Արարատ լեռը։ Ուզում եմ ասել հայերին, որ նրանք դարեր շարունակ եղել են պայքարի օրինակ»,– գրել է Զեմուրը։
Հիշեցնենք` Էրիկ Զեմուրն ավելի վաղ հայտնել էր, որ Հայաստանում կլինի դեկտեմբերի 11-14-ը։
Նա նաև ասել էր , որ իր այցով հերթական անգամ իր աջակցությունը կհայտնի հայ ազգին` նրա վերապրած սարսափելի պատերազմի հետևանքով։
Ֆրանսիացի գործիչը հայտարարել էր, որ Հայաստանում զբաղվելու է նաև ֆրանսիական ընկերությունների հնարավոր ներդրումների հարցերով` բանակցություններ վարելով այդ ուղղությամբ։
Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ ղեկավարները համագործակցության մասին փաստաթուղթ են ստորագրել
Նշենք, որ Էրիկ Զեմուրը 2022 թվականի ապրիլին նախանշված Ֆրանսիայի նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել։
Վերջին սոցհարցումների համաձայն՝ Զեմուրը նախագահական ընտրությունների երկրորդ փուլ անցնելու իրական շանս ունի, նրա օգտին պատրաստ է քվեարկել ֆրանսիացի ընտրողների 12-15 տոկոսը։
Ապագա թեկնածուի անվտանգության նկատառումներից ելնելով` նրա այցի ճշգրիտ ծրագիրը չի հրապարակվում, բայց այն լուսաբանելու համար լրագրողների փոքրիկ խումբ է հավատարմագրվել։