ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի – Sputnik. Հայ համայնքի դերը կարևոր է Պաղեստինի հասարակական կյանքի տարբեր ոլորտներում: Այս մասին ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ ասել է Պաղեստինի եկեղեցիների հարցով բարձրագույն նախագահական կոմիտեի ղեկավար Մուին Էլիաս Յուսեֆ Խուրին: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ–ի մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության համաձայն` զրուցակիցներն անդրադարձել են հայ-արաբական՝ դարերի պատմություն ունեցող և տարբեր ոլորտներում արդյունավետ համագործակցության վրա հիմնված հարաբերություններին և դրա զարգացման հեռանկարներին:
Մուին Էլիաս Յուսեֆ Խուրին ներկայացրել է Պաղեստինի եկեղեցիների հարցով բարձրագույն նախագահական կոմիտեի գործունեությունը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Սուրբ Հողում հայկական հարուստ պատմամշակութային և կրոնական ժառանգությանը վերաբերող հարցեր:
Նշենք, որ այսօր Մուին Էլիաս Յուսեֆ Խուրիի գլխավորած պատվիրակությանն ընդունել էր նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։
Երեկ` դեկտեմբերի 12–ին, Հայաստանում գտնվող Պաղեստինի Եկեղեցիների հարցով բարձրագույն նախագահական կոմիտեի ղեկավար Մուին Էլիաս Յուսեֆ Խուրիի գլխավորած պատվիրակության անդամները այցելել էին Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։
Նրանք ծաղկեպսակ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, ապա շրջել են Հայոց ցեղասպանության թանգարանում։ Պատվիրակության ղեկավարը և պատվիրակության անդամները գրառում են կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում։