ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի – Sputnik. Գերիների վերադարձի ուղղությամբ իրավական հարթակում տարվող աշխատանքները չեն դադարում։ Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նման կարծիք հայտնեց ՄԻԵԴ-ում և արդարադատության միջազգային դատարանում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը` պատասխանելով հարցին, թե որքանո՞վ են վնասում գերիների վերադարձին ՀՀ–ում հնչող հայտարարությունները։
Հայտնել էինք` դեկտեմբերի 7-ին համացանցում հայտնվեց Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ գաղտնի նկարահանված մի տեսանյութ, որում ԱԺ նախագահը հայտարարում է` գերիների ծնողներն էլ գիտեն, որ իրենց որդիները դասալքություն են արել։ Սիմոնյանը նշել էր` գերիներն իր համար չկան։
«Գերիների վերադարձի հետ կապված աշխատանքները շարունակվում են։ Վերջերս, օրինակ, ՄԻԵԴ պահանջ ենք ներկայացրել, որը 2 օր առաջ բավարարվել է. դատարանը միջանկյալ միջոց կիրառելու մասին որոշում է կայացրել և ժամկետ է ֆիքսել Ադրբեջանի համար՝ իր մոտ գտնվող գերեվարված անձանց մասին մանրամասն տեղեկատվություն ներկայացնելու առումով։ Պարզ է, հայտարարությունները կարող են ազդեցություն ունենալ տարբեր մակարդակի»,–ասաց Կիրակոսյանը։
Հարցին, թե ինչպե՞ս կարող են անդրադառնալ իրենց աշխատանքների վրա ՀՀ վերադարձած գերիների հանդեպ քրեական հետապնդումները` Կիրակոսյանը նշեց, որ եթե կան հիմքեր, որով գերիների նկատմամբ պետք է քրեական հետապնդում իրականացվի, պետք է արվի։ Նրա խոսքով` իրավական գործընթացները ընթանում են անկախ իրենց աշխատանքից և չի կարծում, թե իրենց աշխատանքին դա խոչընդոտում է։
Հիշեցնենք, որ օրերս հայտնի դարձավ, որ կալանավորվել են նոյեմբերի 16-ին գերեվարված և ՀՀ վերադարձված 4 զինծառայողներ։