Անկարան ու Երևանը հարաբերությունների կարգավորման համար հատուկ ներկայացուցիչներ կնշանակեն

Թուրքիայի արտգործնախարարը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման մասին խոսել է խորհրդարանում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի – Sputnik. Թուրքիան և Հայաստանը հատուկ ներկայացուցիչներ կնշանակեն հարաբերությունների կարգավորման համար։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն:
«Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար մենք շուտով հատուկ ներկայացուցիչներ կնշանակենք փոխադարձության սկզբունքով», - ասել է Չավուշօղլուն` ելույթ ունենալով խորհրդարանում:
Նշենք, որ Թուրքիայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան, երկու երկրների միջև սահմանը փակ է 1993 թվականից Անկարայի նախաձեռնությամբ։
Թուրքիան ու Հայաստանն առաջիկայում չարտերային ավիահաղորդակցություն կբացեն. Չավուշօղլու
Հիշեցնենք` Հայաստանի գործող իշխանությունը բազմիցս հայտարարել է, որ ընդունել է տարածաշրջանում խաղաղություն հաստատելու օրակարգը և այդ համատեքստում պատրաստ է կարգավորել հարաբերությունները հարևանների, այդ թվում՝ Թուրքիայի հետ: Ի պատասխան պաշտոնական Անկարան նշել է, որ Երևանից «դրական ազդակներ» է ստացել։
Իսկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին իրեն է փոխանցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` հանդիպման մասին առաջարկը։ Սակայն Էրդողանը հասկացրել է, որ Անկարան հաշվի է առնելու Բաքվի շահերը։