Ալեն Սիմոնյանի պաշտոնանկության պահանջի համար հիմք են հանդիսացել մի քանի պատճառներ, որոնցից մեկը դիվանագիտական սկանդալն էր, երբ նա հայտարարություններով հանդես եկավ Ռուսաստանում և խնդիրներ ստեղծեց արտաքին քաղաքականության ոլորտում, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։
«Ալեն Սիմոնյանի` գերիների հետ կապված վերջին հայտարարությունը, երբ ԱԺ նախագահը նրանց հանցագործ է անվանում, ևս պատճառ է դարձել նրա հետկանչի գործընթացը նախաձեռնելու համար։ Երրորդ հիմնական պատճառն Ալեն Սիմոնյանի անհամապատասխանությունն է ԱԺ նախագահի պաշտոնին` նկատի ունենալով նիստերի ընթացքում նրա անհարկի միջամտություններն ընդդիմադիր պատգամավորների ելույթների ժամանակ, նրա մեկնաբանություններն ու լարված մթնոլորտը, որն առաջանում է նրա անգործության պատճառով, որովհետև ԱԺ–ում արդեն տեղի է ունեցել մի քանի միջադեպ, ընդհուպ՝ ծեծկռտուք։ Այդ ամենի մեջ իր «շնորհն» ունի նաև ԱԺ նախագահը»,– նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավորը։
Խամոյանի կարծիքով` չարժե այդքան միանշանակ պնդել, որ ընդդիմության նախաձեռնությունը իսկզբանե անհաջողության է մատնված՝ հաշվի առնելով ներիշխանական խնդիրները, իշխանության ներսում առկա բավականին մեծ լարվածությունը։
Ըստ նրա`յուրաքանչյուր ՔՊ–ական պատգամավոր դեմ քվեարկելով Ալեն Սիմոնյանի պաշտոնանկությանը` ինքը նույնպես ստորագրում է գերիների մասին ասված հայտարարությունների տակ, առավել ևս, որ Ալեն Սիմոնյանը խախտել է գերիների անմեղության կանխավարկածը` խաղալով նրանց ծնողների զգացմունքների հետ, ինչը վայել չէ բարձրաստիճան պետական պաշտոնյային։
Խամոյանի համոզմամբ` Ալեն Սրիմոնյանի և նրա քաղաքական ղեկավար Նիկոլ Փաշինյանի օր առաջ իշխանությունից հեռանալը հնարավորություն կտա շտկել երկրում ստեղծված աղետալի իրավիճակը, որում հայտնվել է ժողովուրդը։
Նշենք, որ ընդդիմությունը շրջանառության մեջ է դրել նախագիծ, որով պահանջում են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրաժարականը:
Ալեն Սիմոնյանն էլ արձագանքել է ընդդիմության այս քայլին` նշելով, թե այս արարքը երկու բանի մասին է խոսում. նախ, որ ընդդիմության քաղաքական ապիկարությունն իր գագաթնակետին է, ապա՝ որ ինքն իր մասով մինչ այս պահն ամեն ինչ ճիշտ է արել։