«Տհաճ է հիշել, բայց». Պուտինը խոստովանել է, որ մասնավոր ուղևորափոխադրում է իրականացրել

Վլադիմիր Պուտին. Արխիվային լուսանկար
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահը պատմել էր, որ եղել է ժամանակ, երբ մտածել է տաքսու վարորդ աշխատելու մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի - Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը 1990-ականներին ստիպված է եղել մասնավոր ուղևորափոխադրում իրականացնել։
Այս մասին նա պատմել է «Նորագույն պատմություն» ֆիլմի համար տված հարցազրույցում, որը կթողարկվի «Ռոսիա 1» հեռուստաալիքով դեկտեմբերի 12-ին։

«Երբեմն ստիպված եմ եղել նաև ուղևորափոխադրում իրականացնել։ Տհաճ է այդ մասին խոսել, բայց ցավոք սրտի այդպես էլ է եղել»,– ասել է Պուտինը։

Ավելի վաղ՝ 2018 թվականին, երկրի ղեկավարը «Պուտին» ֆիլմի համար տված հարցազրույցում պատմել էր 1990-ականներին տաքսու վարորդ աշխատելու իր մտադրության մասին: Այդ ժամանակ նա խոստովանել էր, որ նման մտքեր են առաջացել այն բանից հետո, երբ քաղաքապետ Անատոլի Սոբչակը պարտվել է նահանգապետի ընտրություններում (Պուտինն այդ ժամանակ նրա նախընտրական շտաբի ղեկավարն էր):
«Լուրջ եմ ասում, իսկ ի՞նչ անեի, երկու փոքր երեխա ունեի»,- այն ժամանակ նշել էր նախագահը։
Բացի այդ, «Նորագույն պատմություն» ֆիլմում Պուտինը նաև պատմել է Կենտրոնական հետախուզական վարչության մեկ աշխատակցի մասին, ով եղել է 1990-ականներին կառավարությունում աշխատած խորհրդականների թվում:
Քանյե Ուեսթը հայտարարել է, որ ինքը երիտասարդ Պուտինն է
Հիշեցնենք, որ 1970-1980-ական թվականներին Վլադիմիր Պուտինը եղել է ԱԱԾ-ի աշխատակից, աշխատել է նաև Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում` արտաքին հետախուզության գծով: 1990-ին վերադարձել է ԽՍՀՄ, 1991-ին ազատվել է ԱԱԾ-ից։
1990 թվականին Պուտինը եղել է Լենինգրադի ժողովրդական պատգամավորների պետական խորհրդի նախագահ Անատոլի Սոբչակի խորհրդականը։ Այնուհետև Լենինգրադի քաղաքապետարանի արտաքին կապերի կոմիտեի նախագահ է դարձել, որտեղ և աշխատել է մինչև 1996 թվականը:
Դրանից հետո արդեն Մոսկվայում նա զբաղեցրել է նախագահի գործերի կառավարչի տեղակալի պաշտոնը։