Թաթոյանն իտալացի լրագրողին է ներկայացրել պատերազմում Ադրբեջանի կատարած վայրագությունները

Արման Թաթոյանը Եվրոպական խորհրդարանի և Ֆրանսիայի Հայ դատի հանձնախմբի կողմից կազմակերպված միջոցառման ժամանակ (6 դեկտեմբերի, 2021). Փարիզ. Արխիվային լուսանկար
Իտալիայի Rai 1 հեռուստաալիքը Արցախյան 44–օրյա պատերազմի մասին ֆիլմ է նկարահանել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Իտալիայի Rai 1 հեռուստաընկերության լրագրող Ստեֆանիա Բատիստինիին, ով ծավալուն ֆիլմ է պատրաստել Արցախյան 44-օրյա պատերազմի մասին, ներկայացրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կատարած վայրագությունները։ Այս մասին նա գրել է Facebook-ի իր էջում և ֆիլմի նկարահանումից մի փոքր հատված ներկայացրել։
Հայերի դեմ հանցանքները միայն խրախուսվել են. ՄԻՊ–ն արձագանքել է ՀՀ–ի սահմանի դեպքերին
Թաթոյանը նշել է, որ ֆիլմում ցուցադրված են պատերազմի պատճառներն ու հետևանքները։ ՀՀ ՄԻՊ–ը ֆիլմում ներկայացրել է փաստեր` Ադրբեջանի կողմից զանգվածային ոչնչացման զենքերի կիրառման վերաբերյալ։

«Ինքս ֆիլմում խոսել եմ նաև պատերազմի ժամանակ մարդու իրավունքների խախտումների մասին, ներկայացրել եմ պատերազմական հանցանքների մասին ապացույցները, միջազգային կազմակերպությունների խիստ անհամաչափ արձագանքի մասին, ինչպես նաև այն մասին, որ այս ամենն Արցախում հանգեցրել է էթնիկ զտումների, և որ սա ցեղասպան քաղաքականության հետևանք է»,– գրել է Թաթոյանը:

Նա ֆիլմում ընդգծել է, որ պատերազմական նմանատիպ հանցանքները, դաժանությունները ծնելու են նոր` ավելի ծանր հանցանքներ դրանք կազմակերպողների ու կատարողների անպատժելիության դեպքում։
Թաթոյանը Ստեֆանի Բատիստինիին ցույց է տվել նաև լուսանկարներ և տեսանյութեր, որտեղ երևում է, թե ինչ են արել ադրբեջանցիները հայ զինծառայողների հետ` օգտագործել են ֆոսֆորային զենք, որը տարածվում է մարդու ողջ մարմնով ու քայքայում այն, ինչպես են նրանք ողջ–ողջ գլխատել արցախցի մի տարեց մարդու և այլն։ Լրագրողը տեսանյութերը նայելուց հետո շեշտել է, որ դրանք շատ նման են վերջերս Սիրիայում տեսած` «Իսլամական Պետության» ԴԱԵՇ խմբավորումների կողմից իրականացված գործողություններին։
Թաթոյանը Ֆրանսիայում ներկայացրել է 44–օրյա պատերազմից հետո մարդու իրավունքների խախտումները
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը նաև ընդգծել է, որ պատերազմից հետ կապված բոլոր զեկույցներն ուղարկվել են Եվրոպայի Խորհուրդ, ՄԱԿ, ԵԱՀԿ, Human Rights Watch։
Նշենք, որ Արման Թաթոյանը մշտապես միջազգային կազմակերպությունների ուշադրությունն է հրավիրում պատերազմի ընթացքում և դրանից հետո Ադրբեջանի կողմից կատարված վայրագությունների, ՀՀ քաղաքացիների իրավունքների ոտնահարման բազմաթիվ դեպքերի վրա։