Երևանում այսօր նոր ավտոբուսների առաջին խմբաքանակն է դուրս եկել երթուղի: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանը նոր ավտոբուսների առաջին երթի տեսանյութն է հրապարակել Facebook–ի իր էջում:
Տեղեկացվում է, որ այսօրվանից նոր ավտոբուսներով կսպասարկվեն Երևանի ավտոբուսային հետևյալ երթուղիները՝ 3, 20, 97, 99:
Հիշեցնենք,` նոյեմբերի 24–ին հայտնի դարձավ, որ Երևանի նոր տրանսպորտային ցանցը կհամալրվի ևս 100 ավտոբուսով, որոնք կմիանան արդեն իսկ համայնքային միջոցներով ձեռք բերված 311 ավտոբուսներին։ Հոկտեմբերի 26-ին Չինաստանից 211 ավտոբուս էր բերվել Հայաստան։ Նախատեսվում է նաև ներդնել վճարման էլեկտրոնային համակարգ։ Ընդհանուր առմամբ ձեռք է բերվելու 405 հաշվիչ, ինչի համար 67 միլիոն 800 հազար դրամ էլ կուղղվի «Ավտոբուս» ՓԲԸ-ին:
Նշենք, որ ՀՀ կառավարության դեկտեմբերի 9–ի նիստում ընդունված որոշման համաձայն` Երևանի հանրային տրանսպորտի լիարժեք արդիականացումը հետաձգվում է. 2022թ–ին նախատեսված բարեփոխումները հետաձգվում են ևս 3 տարով` մինչև 2025թ–ը։
Ավելի ուշ Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում պարզաբանել էր, որ ՀՀ կառավարության որոշումը չի նշանակում, որ քաղաքային տրանսպորտային ցանցի բարեփոխումը հետաձգվում է, ուղղակի Երևան քաղաքի ենթակայության տակ գտնվող մանուշակագույն «Հիգեր» մակնիշի ավտոբուսները ևս երեք տարի շահագործվեն։