ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի – Sputnik. Հայտնի ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմի հայրը` Թեդ Բեքհեմը, 73 տարեկանում ամուսնացել է 62-ամյա միլիոնատեր փաստաբան Հիլարի Մերեդիթի հետ։ Տեղեկությունը հայտնում է Daily Mail-ը։
46-ամյա ֆուտբոլիստը հարսանեկան արարողությանը հանդես է եկել որպես հոր խաչեղբայր։ Պսակադրությունը տեղի է ունեցել լոնդոնյան տաճարներից մեկում։
Ե՛վ հարսը, և՛ փեսան երկրորդ անգամ են ամուսնացել։ Թեդը Դևիդի մորից` Սանդրայից, բաժանվել է 2002 թվականին` 33 տարվա համատեղ կյանքից հետո։
Արարողությանը ներկա են եղել նաև Դևիդ Բեքհեմի կինը` Վիկտորիան և նրանց երեխաներից 3-ը` 19-ամյա Ռոմեոն, 16-ամյա Քրուզը և 10-ամյա Հարփերը։
Նրանց ավագ որդին` 22 տարեկան Բրուքլինը, այդ ժամանակ ԱՄՆ-ում է եղել։
Պարբերականը հաղորդում է, որ տոնակատարությունը շատ համեստ է եղել, և ներկա են եղել միայն հարազատները։ Հյուրերի թվում են եղել նաև Դևիդի ավագ քույրը՝ Լինը և նրա զուգընկեր Քևին Բրիգսը: