Ռուս խաղաղապահներն Ասկերանում 20 հա հողերի մշակման ժամանակ ապահովել են անվտանգությունը

Ռուս խաղաղապահներն Ասկերանում 20 հա հողերի մշակման ժամանակ ապահովել են անվտանգությունը
Ռուս խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Օլեգ Պերվիշովը ներկայացրել է խաղաղապահների հետագա անելիքները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի – Sputnik. ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահ զորախմբի զինծառայողներն ապահովել են Ասկերանի շրջանում կողմերի սահմանազատման գծի մոտակայքում 20 հա գյուղատնտեսական նշանակության հողերի մշակման աշխատանքների անվտանգությունը։

«Մարդասիրական արձագանքման կենտրոնը Ասկերանի շրջանում գյուղատնտեսական աշխատանքների անվտանգության ապահովման միջոցառումներ է իրականացնում։ Քանի որ այդ տարածքը գտնվում է կողմերի սահմանազատման գծի մոտ, շրջանի վարչակազմը դիմել է ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը աշխատանքների անվտանգությունն ապահովելու խնդրանքով: Այս փուլում արդեն մշակվել է ավելի քան 20 հեկտար տարածք, ընդհանուր առմամբ պլանավորված է շուրջ 100 հեկտար տարածք մշակել», - ասել է ռուս խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Օլեգ Պերվիշովը։

Ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի մասնագետները մեկ շաբաթում նախատեսել են ապահովել Ասկերանի շրջանում գյուղատնտեսական նշանակության հողերի մոտ 100 հա–ի մշակման անվտանգությունը։
Ռուս խաղաղապահ զորախումբը պետք է անժամկետ մնա Արցախում. Բեգլարյան
Ռուս խաղաղապահ զորախմբի զինծառայողները տարածաշրջանում անվտանգության ապահովման տարբեր խնդիրներ են կատարում, այդ թվում՝ քաղաքացիական անձանց գյուղատնտեսական, ինժեներական ու կանխարգելիչ աշխատանքներ իրականացնելիս, ինչպես նաև ուխտավորների կողմից Լեռնային Ղարաբաղում սահմանազատման գծի մերձակայքում գտնվող վանական համալիրներ այցելելիս:
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: