ՌԱԴԻՈ

Վերջին 3 տարիներին ՀՀ–ում մարդու իրավունքների ոտնահարումը զանգվածային է. Իշխանյան

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ՀՀ–ում մարդու իրավունքների պաշտպանության խնդիրներին։
Sputnik
Որպեսզի երկրում մարդու իրավունքները պաշտպանվեն, այն պետք է լինի իրավական, այսինքն` երկրում դատական ողջ համակարգը պետք է անկախ լինի գործադիր իշխանությունից, որովհետև մարդու իրավունքները խախտվում են գործադիրի կողմից, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։
Նախկին ՄԻՊ–ը խոսել է մարդու իրավունքների հարցով զբաղվող հանձնաժողովի անելիքների մասին
«Մարդու իրավունքներն ուղղահայաց հարաբերություններ են պետության և քաղաքացու միջև։ Եթե խախտվում է խոսքի ազատությունը, մարդու նկատմամբ իրականացվում են խոշտանգումներ, նրան ապօրինաբար զրկում են ազատությունից, հետևաբար այդ ամենը դիտարկվում է որպես պետության կողմից իրականացված մարդու իրավունքների ոտնահարում, իսկ անկախ դատական համակարգը պարտավոր է վերականգնել քաղաքացիների իրավունքներն ու վերացնել խախտումները»,– ասաց իրավապաշտպանը։
Իշխանյանի կարծիքով` հատկապես վերջին երեք տարիների կտրվածքով Հայաստանում իրավական համակարգը (ոստիկանություն, քննչական մարմիններ, դատախազություն, ԱԱԾ) «սեփականաշնորհվեց» գործադիր իշխանության ղեկավարի կողմից, և իրավապահ մարմինները կատարում են նրա հանձնարարությունները, այլ ոչ թե պաշտպանում են օրենքն ու մարդկանց իրավունքները, հետևաբար վերջին երեք տարիներին Հայաստանում մարդու իրավունքների ոտնահարումը կրում է զանգվածային բնույթ։
Թաթոյանը Ֆրանսիայում ներկայացրել է 44–օրյա պատերազմից հետո մարդու իրավունքների խախտումները
«Խաղաղ հավաքների իրավունքը Հայաստանում երբևէ այդպես չի խախտվել, ինչպես մեր օրերում, երբ բռնի կերպով մարդկանց բերման են ենթարկում` հարուցելով քրեական գործեր։ Մարդու հիմնարար իրավունքների մասին խոսելն ուղղակի ծիծաղելի է։ Հայաստանը սահմանադրորեն համարվում է սոցիալական երկիր, մինչդեռ մեզ մոտ խախտվում են նաև մարդկանց սոցիալական իրավունքները, իշխանությունը հաշվի չի առնում քաղաքացիների սոցիալական վիճակը։ Այդ մասին է վկայում օպտիմալացման ներքո գիշերօթիկների, բուժհաստատությունների փակումը։ Սոցիալական վիճակը աղքատության մակարդակի աճի ֆոնին ուղղակի ողբալի է»,– ասաց իրավապաշտպանը։
Իշխանյանի գնահատմամբ` Հայաստանում գործում է բռնակալ Մուսոլինիի սկզբունքը, ըստ որի`ընկերներին և բարեկամներին թույլատրվում է ամեն ինչ, իսկ օրենքները հակառակորդների համար են։ Իրավապաշտպանի դիտարկմամբ, որպեսզի պետությունն իսկապես կիրառի մարդու իրավունքներն ու իրականացնի բարեփոխումներ` ստեղծելով անկախ դատաիրավական համակարգ, ապա պետք է անշուշտ լինի նաև հասարակության գիտակցումն ու հասարակական ճնշումն իշխանության վրա։
Ժողովրդավարություն` հայկական ձևով. ոմանց համար COVID-ի պարտադիր թեստավորումը պարտադիր չէ
«Իրավիճակը շտկելու ցանկություն նախևառաջ պետք է լինի քաղաքական վերնախավի մոտ, որովհետև միայն ժողովրդից հիմնարար իրավունքների գիտակցում պահանջելն անհեթեթություն է»,– ասաց իրավապաշտպանը։
Նշենք, որ 1948թ.-ի դեկտեմբերի 10-ին, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունեց Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը։
1950թ.-ին Գլխավոր ասամբլեայի առաջարկով տարբեր պետություններ և կազմակերպություններ, իսկ այսօր նաև ամբողջ աշխարհը դեկտեմբերի 10-ը նշում է որպես Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օր։