ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik. Մեզնից յուրաքանչյուրը երկու կյանք է վարում: Մենք ունենք մեր նյութական կյանքը, ինչպես նաև էլեկտրոնային կամ այլընտրանքային կյանքը, որն անդադար մեզ հետ է: Գերմանիայում անցկացվող «Քվանտային աշխարհ» խորագիրը կրող Ադա Լավլեյսի (Ada Lovelace festival) փառատոնին օնլայն մասնակցության ժամանակ ասել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, տեղեկանում ենք նախագահի աշխատակազմից։
«Էլեկտրոնային կամ այլընտրանքային կյանքը բացարձակ քվանտային է այն իմաստով, որ ընթանում է լույսի արագությամբ, թույլ է տալիս ստանալ լայնածավալ տեղեկատվություն: Այդ կյանքը նաև ազդեցություն է ունենում մեր նյութական կյանքի վրա»,–ասել է Սարգսյանը։
Պատասխանելով քաղաքականության վրա տեխնոլոգիական փոփոխությունների ազդեցության մասին հարցին՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ քաղաքականությունը ևս փոխվում է: Նրա խոսքով` 30, 50 կամ 100 տարի առաջ դասական քաղաքականությունն իրականացվում էր խորհրդարանական, նախագահական կամ միապետական կառուցվածքով, միջազգային կառույցների միջոցով:
«Այսօր ամեն բան տարբեր է` դու քվեարկում ես ոչ թե 5 տարին մեկ, այլ օրական առնվազն 5 անգամ Facebook-ի միջոցով: Փոխվել է ժողովրդավարությունը: Վերջին 10-15 տարիների ընթացքում աշխարհում տեղի ունեցած քաղաքական իրադարձությունները դարձել են շատ անկանխատեսելի ու անկայուն»,–ասել է Սարգսյանը։
Նա հավելել է նաև, որ պետք է հասկանանք, որ մուտք ենք գործում մարդկության համար բոլորովին այլ մի դարաշրջան, որն ունի մեկ ձևակերպում՝ քվանտային։
Սարգսյանի կարծիքով՝ ապագայում մարդիկ որոշումները կայացնելու են արհեստական բանականության օգնությամբ: Նրա խոսքով` որոշումները կայացնելու են մարդիկ, սակայն նրանց օգնելու է արհեստական բանականությունը:
Հիշեցնենք, որ մաթեմատիկոս Ադա Լավլեյսի անունը կրող փառատոնը յուրահատուկ հարթակ է տեխնոլոգիական ոլորտի տաղանդավոր ներկայացուցիչների ու տեխնոլոգիաներով մեծապես հետաքրքրված անձանց համար և նպատակ ունի քննարկել տեխնոլոգիական փոփոխությունների ազդեցությունը կյանքի տարբեր ոլորտների վրա: Փառատոնին մասնակցել են Գերմանիայի կառավարության, տեխնոլոգիական ոլորտի համաշխարհային առաջատար ընկերությունների ներկայացուցիչներ: