ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik. «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» քաղաքացիական հիվանդանոցում այսօր մահացել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի դատապարտյալ, 1967 թվականին ծնված Ա.Հ-ն, տեղեկությունը հայտնում է ՀՀ արդարադատության նախարարությունը։
«Դատապարտյալի մոտ նոյեմբերի 11-ին ախտորոշվել էր COVID-19, նույն օրը վերջինս տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» քաղաքացիական հիվանդանոց»,–նշված է հաղորդագրության մեջ։
Դատապարտյալի մահվան հանգամանքները պարզելու նպատակով նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Մինչ այսօր «Դատապարտյալների հիվանդանոցի» ինֆեկցիոն բաժանմունքում հետազոտվել և բուժում է ստացել 141 դատապարտյալ և կալանավորված անձ։ Դեկտեմբերի 10-ի դրությամբ բուժման գործընթացում է գտնվել 42 անձ։
Հիշեցնենք` նոյեմբերի 3-ին հայտնի դարձավ, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» քաղաքացիական հիվանդանոցում մահացել է «Արմավիր» ՔԿՀ դատապարտյալ, 1980 թվականին ծնված Գ․Կ-ն։ Նրա մոտ հոկտեմբերի 31-ին էր Covid-19 ախտորոշվել։ Նոյեմբերի 24-ին էլ հայտնի դարձավ, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» քաղաքացիական հիվանդանոցում մահացել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի դատապարտյալ, 1951 թվականին ծնված Վ.Բ-ն, որի մոտ նոյեմբերի 22-ին կորոնավիրուս էր հայտնաբերվել։