Ժողովրդավարության համար ամենամեծ մարտահրավերը ռազմական սպառնալիքներն են. Փաշինյանի ելույթը

Ելույթ ունենալով «Հանուն ժողովրդավարության» համաժողովին` Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ժողովրդավարությունը մշտական աշխատանք է, որը ՀՀ–ում ընթացքի մեջ է:
Sputnik
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նախաձեռնությամբ առցանց անցկացվող «Հանուն ժողովրդավարության» համաժողովին հանդես է եկել ելույթով, հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից:
ՀՀ վարչապետն ընդգծել է, որ Հայաստանի քաղաքացիները չեն թերագնահատում ժողովրդի կառավարման արժեքը և դրա համար պայքարել են նորագույն պատմության ընթացքում։ 1991-ին քվեարկելով անկախության օգտին՝ մենք նաև վերականգնեցինք բազմակուսակցական համակարգը և քաղաքական իրավունքների շրջանակը, որը կոչված է հզորացնել անհատ քաղաքացուն:

«Մենք հանձնառու ենք Հայաստանում ժողովրդավարության ամրապնդմանը՝ ժողովրդավարական ինստիտուտների հզորացման միջոցով: Առաջ բերելով թափանցիկությունն ու հաշվետվողականությունը՝ մենք ծրագրում ենք կառավարման բարեփոխումներ և այնպիսի քաղաքականությունների իրականացում, որոնք կձևավորեն հավատ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրի մեր գործընկերների շրջանակներում»,–ասել է Փաշինյանը։

Վարչապետը հավաստիացրել է, որ մինչև 2026 թվականը ՀՀ–ն նպատակ ունի հասնել համեմատական ցուցանիշների շարունակական բարելավումների՝ մասնավորապես Համաշխարհային բանկի կառավարման համաշխարհային ցուցիչի 50 միավորից հասնել 60-ի և Թրանսփարենսի Ինթերնեշնլի կոռուպցիայի ընկալման ինդեքսի 49 միավորից՝ 60-ի:
«Մենք նաև դիտարկում ենք կլիմայի փոփոխության դեմ պայքարը որպես ժողովրդավարական կառավարման հիմնասյուն և հանձնառու ենք ցածր արտանետումներով էներգետիկ ոլորտի և կենսունակ կանաչ տնտեսության կառուցմանը»,–ասել է Փաշինյանը:
Նա նշել է, որ ժողովրդավարությունն ամրապնդելու ջանքերում մենք բախվում ենք բազմաթիվ մարտահրավերների, որոնցից ամենամեծը մեր անվտանգությանը սպառնացող ռազմական բնույթի սպառնալիքներն են։

«Այդ մարտահրավերը բարդանում է, երբ սպառնալիքներ են ի հայտ գալիս մեր սահմաններից այն կողմ: Եթե մենք ուզում ենք վերականգնել ժողովրդավարության գրավչությունն ամբողջ աշխարհում, մենք պետք է մեկտեղենք ուժերը՝ միասին դիմակայելու այս մարտահրավերներին: Հայաստանը հանձնառու է նպաստելու ժողովրդավարության ամրապնդման համաշխարհային առաքելությանը, և մենք հույս ունենք, որ մենք միայնակ չենք»,–ասել է ՀՀ ղեկավարը:

Նշենք, որ երկօրյա առցանց միջոցառմանը մասնակցում են ավելի քան հարյուր երկրի առաջնորդներ և ներկայացուցիչներ:
Համաժողովի բացմանը ելույթով հանդես է եկել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, որից հետո մեկնարկել են պանելային քննարկումները:
Երկօրյա քննարկումների օրակարգում են ժողովրդավարության դեմ սպառնալիքներին դիմագրավելու, կոռուպցիայի դեմ պայքարին ու մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցեր: