Մեկնարկել է Չարչյանին ազատ արձակելու դատական նիստը. դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ

Արմեն Չարչյանի դատը
Դատարանը որոշումը կհրապարակվի ժամը 15։30-ին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի - Sputnik․ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հրատապ նիստի մեկնարկից րոպեներ անց հեռացավ խորհրդակցական սենյակ` ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, պրոֆեսոր Արմեն Չարչյանին ազատ արձակելու պահանջի վերաբերյալ որոշում կայացնելու։
Դատավոր Վահե Միսակյանը նշեց, որ որոշումը կհրապարակվի ժամը 15։30-ին։

Նախօրեին Սահմանադրական դատարանը որոշել էր, որ պատգամավորը պետք է անհապաղ ազատ արձակվի։ Դատարանն արձանագրել էր, որ անազատության մեջ գտնվող պատգամավորի կարգավիճակ չունեցող անձը պատգամավոր դառնալու պահից չի կարող պահվել անազատության մեջ։

Հրատապ նիստ հրավիրելու միջնորդություն էր ներկայացրել Չարչյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
Արմեն Չարչյանին ծափերով դիմավորեցին նիստերի դահլիճում։
Հիշեցնենք` հունիսի 18-ին համացանցում հայտնվեց մի ձայնագրություն, որում լսվում էր, թե ինչպես է Չարչյանը աշխատակիցներին հորդորում ԱԺ ընտրությանը մասնակցել` ակնարկելով չքվեարկել գործող իշխանությունների օգտին։ Նույն օրը Չարչյանը ձերբակալվեց։
Հունիսի 21-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը թույլ տվեց քրեական հետապնդում սկսել Չարչյանի նկատմամբ։ Չարչյանը կալանավորվեց, ապա 15 մլն գրավի դիմաց ազատ արձակվեց։
Օգոստոսի 23-ին Չարչյանը կրկին կալանավորվեց։
Հոկտեմբերի 15-ին Էրիկ Ալեքսանյանը հայտնեց, որ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող պրոֆեսորի վիճակը ծանր է։
Արմեն Չարչյանի գործով արտահերթ դատական նիստ է հրավիրվել
Բացի նրանից, կալանքի տակ են նաև խմբակցության ներկայացուցիչներ Արթուր Սարգսյանը (Սիսիանի նախկին ղեկավար) և Մխիթար Զաքարյանը (Մեղրիի նախկին ղեկավար): Արթուր Սարգսյանին մեղադրում են պետական միջոցները վատնելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, իսկ Մխիթար Զաքարյանին՝ ֆինանսական մեքենայությունների մեջ։