ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik. Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը թոշակի անցնելու իր առաջին օրը վաղ առավոտյան իր նոր գրասենյակ է գնացել։ Այդ մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով գերմանական Bild պարբերականին, որը հետևել է Մերկելի տեղաշարժին։
Չնայած Մերկելն ավելի վաղ հայտարարել էր, որ կանցլերի պաշտոնում լիազորությունների ժամկետը լրանալուց հետո առաջին անելիքը լինելու է մի կուշտ քնելը, բայց երկարամյա սովորությունից հրաժարվելը, ըստ երևույթին, հեշտ չէ։ Առավոտյան 08․20-ին նա արդեն դուրս է եկել Բեռլինի իր բնակարանից և ուղղվել Ունտեր դեն Լինդեն փողոցում գտնվող իր նոր գրասենյակ։
Այնուհետև նախկին կանցլերը պահակախմբի ուղեկցությամբ գնումներ է կատարել Hit Ullrich սուպերմարկետից: Հատկանշական է, որ չնայած թիկնապահի ներկայությանը, սայլակը հենց ինքն է տարել։
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Մերկելը կանցլերի պաշտոնից հեռանալուց հետո գրասենյակ կունենա Ունտեր դեն Լինդենի փողոցում, որտեղ նախկինում, կանցլերի պաշտոնը լքելուց հետո, գտնվում էր նաև Հելմուտ Կոլի բյուրոն։
Հիշեցնենք, որ Գերմանիայի նոր կանցլեր է ընտրվել սոցիալ-դեմոկրատ Օլաֆ Շոլցը։ Մերկելը Գերմանիայի կանցլերի պաշտոնը զբաղեցրել է 16 տարի՝ 2005 թվականից ի վեր։