ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանն ու ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) հայաստանյան գրասենյակի ղեկավար և ներկայացուցիչ Ելենա Միլոշևիչն այցելել են Լոռի և Տավուշ մարզերի մի շարք համայնքներ դպրոցներում գյուղատնտեսական նորարար կարողությունները դիտարկելու նպատակով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը։
Պաշտոնյաները այցելել են Վանաձորի թիվ 27 և Թեղուտի դպրոցներին կից կառուցված ժամանակակից ջերմատներ, որտեղ աճեցվում են ավանդական և բարձրարժեք մշակաբույսեր, այդ թվում՝ բրոկոլի և կոլրաբի։ Ջերմատներում իրականացվող աշխատանքներին ակտիվորեն ներգրավված են դպրոցի սաները։
ՀՀ մարզերի դպրոցներում ժամանակակից ջերմատներ ու ինտենսիվ այգիներ են հիմնվել
Այցի ընթացքում Արման Խոջոյանն ու Ելենա Միլոշևիչն այցելել են նաև Շահումյանի և Դարպասի միջնակարգ դպրոցներ, որոնց տարածքում հիմնվել են ինտենսիվ այգիներ։ Ակնկալվում է, որ այգիներից տարեկան կստացվի ավելի քան 10-15 տոննա բերք։ Դպրոցները հագեցած են մրգի և բանջարեղենի չորացման սարքավորումներով, որոնց միջոցով ինտենսիվ այգիներից հավաքած բերքից կկազմակերպվի չրերի արտադրություն։
Խոջոյանի խոսքով՝ դպրոցներում այսպիսի կարողությունների ներդրումը համահունչ է գյուղոլորտում պետական քաղաքականությանն ու կարող է օրինակ ծառայել նաև այլ համայնքների համար։
«Սա շատ կարևոր նախագիծ է, քանի որ այն կարծես գալիս է լրացնելու գործող պետական օժանդակության ծրագրերը, որոնք խրախուսում են ջերմատների, ինտենսիվ պտղատու և հատապտղային այգիների ստեղծումը։ Այն նաև ցուցադրում է, որ փոքր տարածքներում հնարավոր է ստեղծել այնպիսի ինտենսիվ այգի, որը կարող է ավելի եկամտաբեր լինել, քան ավելի ընդարձակ տարածք զբաղեցնող ավանդական այգիները», - նշել է նա։
Նախարարի տեղակալը կարևորել է, որ աշակերտները հնարավորություն են ստանում անմիջական մասնակցություն ունենալ գյուղմթերքի մշակմանը և ձեռք բերել ժամանակակից եղանակներով մշակաբույսերի աճեցման հմտություններ։
Միլոշևիչն իր հերթին շեշտել է աշակերտների գյուղատնտեսական գիտելիքներն ու հմտությունները զարգացնելու անհրաժեշտությունը։
Նրա խոսքով`սա դրական ազդեցություն կունենա տնտեսական ոլորտում երկրի ընդհանուր ազգային կարողությունների վրա:
Նշենք, որ ՊՀԾ աջակցությամբ Հայաստանի 44 համայնքի դպրոցներում հիմնվել են ջերմատներ, ինտենսիվ պտղատու և հատապտղային այգիներ, որտեղ աշակերտները կարող են ներգրավված լինել գյուղատնտեսական գործունեության մեջ։