ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik. Ադրբեջանի իշխանությունները պատասխանատվություն են կրում այսօր՝ դեկտեմբերի 10-ին հայ զինծառայողի սպանելու ու մի քանի զինծառայողների վիրավորումներ հասցնելու համար։
Այսօր Գեղարքունիքի սահմանին տեղի ունեցած դեպքերին այսպես է արձագանքել ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը` բերելով հետևյալ փաստարկները.
1.
Ադրբեջանական զինված ծառայողերը ներխուժել և առանց որևէ հիմքի՝ պատերազմի սպառնալիքի ներքո տեղակայվել են ՀՀ գյուղերի հարևանությամբ ու համայնքների միջև ճանապարհներին,2.
2020թ. նոյեմբերի 9-ից հետո Գեղարքունիքում և Սյունիքում ֆիզիկապես ներկա են շինություններում և հողատարածքներում (արոտվայրեր, վարելահողեր և այլն), որոնք օրինական փաստաթղթերով սեփականության իրավունքով պատկանում են ՀՀ բնակիչների կամ համայնքային սեփականություն են,3.
Պարբերաբար կրակում են ՀՀ գյուղերի, մարդկանց տների ուղղությամբ և իրական վտանգ ստեղծում քաղաքացիական բնակիչների կյանքի և առողջության համար, վնաս են պատճառում նրանց գույքին և կենդանիներին, զբաղված են գողություններով, դիտավորյալ խոչընդոտում են գյուղատնտեսական աշխատանքները և այլն։Թաթոյանը նաև արձանագրում է, որ ադրբեջանցիները Գեղարքունիքում գյուղերի հարևանությամբ հրդեհում են արոտավայրեր ու խոտհարքեր, իսկ Սյունիքի համայնքների միջև ճանապարհներին նրանց առկայության պատճառով վտանգված է մարդկանց կյանքի իրավունքը, սահմանափակված ազատ տեղաշարժը։
Բացի այդ, նրա խոսքով, պատերազմից հետո Ադրբեջանը խորացրել է հայատյացության հովանավորչության ու թշնամանքի քարոզի քաղաքականությունը, որևէ ադրբեջանցի ծառայող իր հանցանքների համար չի պատժվել, հակառակը` հայերի դեմ հանցանքները միայն խրախուսվել են։
Մինչդեռ ՀՀ ԶՈւ զինծառայողները բացառապես պաշտպանում են քաղաքացիական բնակիչների կյանքն ու առողջությունը, խաղաղ ու անվտանգ կյանքը:
Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ից հայտնել էին, որ այսօր ժամը 12։00-ի սահմանում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հարձակում են գործել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական մարտական դիրքերի վրա։ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումների ձեռնարկած նախահարձակ գործողությունների արդյունքում ծավալված փոխհրաձգության հետևանքով հայկական կողմն ունի մեկ զոհ, ևս մի քանի զինծառայող վիրավոր է։
Նշենք, որ ադրբեջանցիները հայկական մարտական դիրքերի ուղղությամբ կրակ էին բացել նաև դեկտեմբերի 8-ին և 9-ին։ Ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումների սադրանքի հետևանքով հայկական կողմից թեթև հրազենային վիրավորում են ստացել երկու զինծառայող։