Դատարանն ազատ արձակեց Արմեն Չարչյանին. լուսանկարներ

Արմեն Չարչյանն ազատ արձակվեց
Պրոֆեսորի գործով հրատապ նիստը գումարվել է ՍԴ որոշումից հետո, որն անօրինական է համարել «Հայաստան» խմբակցության պատգամավորների կալանավորումը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի - Sputnik․ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հրատապ նիստի ժամանակ որոշեց ազատ արձակել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, պրոֆեսոր Արմեն Չարչյանին։ Դատարանի որոշմամբ` խափանման միջոց ընտրվեց ստորագրություն չհեռանալու մասին։

«Դատարանը որոշեց Արմեն Չարչյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը փոխել և որպես խափանման միջոց ընտրել ստորագրություն չհեռանալու մասին։ Ամբաստանյալ Արմեն Չարչյանին ազատ արձակել կալանքից։ Որոշումը կարող է բողոքարկվել Վերաքննիչ դատարանում` ստանալուց հետո 10-օրյա ժամկետում»,–ասաց դատավոր Վահե Միսակյանը։

Դահլիճում ներկա Չարչյանի գործընկերները, ինչպես նաև պատգամավորները ծափահարություններով ընդունեցին դատավորի որոշումը։
Նախօրեին Սահմանադրական դատարանը որոշել էր, որ պատգամավորը պետք է անհապաղ ազատ արձակվի։ Դատարանն արձանագրել էր, որ անազատության մեջ գտնվող պատգամավորի կարգավիճակ չունեցող անձը պատգամավոր դառնալու պահից չի կարող պահվել անազատության մեջ։
Պատգամավոր, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Արմեն Չարչյանը մեղադրվում է ընտրակաշառք բաժանելու և ընտրողներին ճնշելու մեջ:
1 / 6

Արմեն Չարչյանին դիմավորում են ընկերները, կինը, գործընկերները։

2 / 6

Արմեն Չարչյանին դիմավորում է Աղվան Վարդանյանը։

3 / 6

Արմեն Չարչյանն ազատ արձակվեց։

4 / 6

Արմեն Չարչյանին դիմավորում են հարազատները։

5 / 6

Արմեն Չարչյանը կնոջ հետ։

6 / 6

Արմեն Չարչյանին ազատ արձակեցին։

Հիշեցնենք` հունիսի 18-ին համացանցում հայտնվեց մի ձայնագրություն, որում լսվում էր, թե ինչպես է Չարչյանը աշխատակիցներին հորդորում ԱԺ ընտրությանը մասնակցել` ակնարկելով չքվեարկել գործող իշխանությունների օգտին։ Նույն օրը Չարչյանը ձերբակալվեց։
Հունիսի 21-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը թույլ տվեց քրեական հետապնդում սկսել Չարչյանի նկատմամբ։ Չարչյանը կալանավորվեց, ապա 15 մլն գրավի դիմաց ազատ արձակվեց։
Մեկնարկել է Չարչյանին ազատ արձակելու դատական նիստը. դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ
Օգոստոսի 23-ին Չարչյանը կրկին կալանավորվեց։
Հոկտեմբերի 15-ին Էրիկ Ալեքսանյանը հայտնեց, որ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող պրոֆեսորի վիճակը ծանր է։
Բացի նրանից, կալանքի տակ են նաև խմբակցության ներկայացուցիչներ Արթուր Սարգսյանը (Սիսիանի նախկին ղեկավար) և Մխիթար Զաքարյանը (Մեղրիի նախկին ղեկավար): Արթուր Սարգսյանին մեղադրում են պետական միջոցները վատնելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, իսկ Մխիթար Զաքարյանին՝ ֆինանսական մեքենայությունների մեջ։