Բարձր որակավորում ունեցող վարորդների կարիք կա. ո՞ր փուլում են տրանսպորտային բարեփոխումները

Երևան ուղարկված ավտոբուսներ. Արխիվային լուսանկար
Երևանի քաղաքապետարանից հայտնել են, թե ինչ փուլում են գտնվում տրանսպորտային համակարգի բարեփոխումները, քանի ավտոբուս է արդեն գնվել և այլն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik, Նանա Մարտիրոսյան. Երևանի քաղաքապետարանը քննարկում է հասարակական տրանսպորտի վարորդների աշխատավարձերի բարձրացման հարցը: Այս մասին Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնում են գերատեսչությունից:
«Բարձր որակավորում ունեցող վարորդների կարիք մշտապես կա: Վարորդների աշխատավարձի բարձրացման հնարավորության հարցը ներկայումս ուսումնասիրության և քննարկման փուլում է»,– ասում են քաղաքապետարանից:
Երևանի քաղաքապետարանը տրանսպորտի միասնական տոմսի համակարգի ներդրման մրցույթ է հայտարարում
Ընդգծվում է` Երևանում արդեն շահագործվող 100 փոքր ավտոբուսների վարորդների աշխատավարձը կազմում է 250 հազար դրամ` ամսվա կտրվածքով 15 աշխատանքային օրվա համար:
Տեղեկացնում են նաև, որ Երևան քաղաքի հանրային տրանսպորտի բարեփոխումների ծրագիրը միջանկյալ փուլում է, քանի որ գործընթացը ենթադրում է տրանսպորտային հավաքակայանների վերակառուցման, վերազինման, ավտոբուսային պարկի վերջնական համալրման և այլ աշխատանքների իրականացում։

Սակայն քաղաքապետարանից հստակ չեն հայտնել, թե երբ քաղաքը կազատվի միկրոավտոբուսներից, քանի որ դա կախված է քաղաքապետարանի կողմից հայտարարված և հայտարարվելիք գնման գործընթացներից, որոնք տեխնիկական պատճառներով (Գնումների մասին օրենքից կախված) երբեմն ավելի երկար են տևում, քան նախատեսվում է։

«Քաղաքապետարանն արդեն ձեռք է բերել 8,6 մ երկարությամբ, նոր, միջին դասի չինական արտադրության 211 հատ ավտոբուս: Առաջիկայում նախատեսվում է գնել 12 մետրանոց թվով 100 ցածրահատակ ավտոբուս»,– ասվում է քաղաքապետարանի պատասխանում:
Ընդգծենք, որ գերատեսչությունը չի պատասխանել նաև ավտոբուսների արժեքի և վերազինման ծախսերի մասին հարցին։
ՌԱԴԻՈ
Տրանսպորտային նոր ցանցը թղթի վրա է. կյանքի կոչելու համար մասնագետ չկա
Հիշեցնենք, որ նախկինում ընդունված որոշմամբ նախատեսվում էր 2022թ-ի հունիսի 1-ից արգելել Երևանի ներհամայնքային կանոնավոր փոխադրումների երթուղիներում ներգրավված, 10 տարին լրացած ավտոբուսների ու միկրոավտոբուսների շահագործումը։
ՀՀ կառավարությունը նոյեմբերի 9-ի նիստի ժամանակ նոր ժամկետներ է սահմանել Երևանի հանրային տրանսպորտի լիարժեք արդիականացման համար։ Արդյունքում 2022թ–ից սպասվող բարեփոխումները հետաձգվում են ևս 3 տարով` մինչև 2025թ–ը։
Քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն էլ պարզաբանել է, որ այդ որոշումը չի նշանակում, որ քաղաքային տրանսպորտային ցանցի բարեփոխումը հետաձգվում է, այն ընթանում է իր ժամանակացույցով։ Կարապետյանի խոսքով`ՀՀ կառավարությունն ուղղակի թույլ է տվել, որպեսզի հիմնականում Երևան քաղաքի ենթակայության տակ գտնվող մանուշակագույն «Հիգեր» մակնիշի ավտոբուսները ևս երեք տարի շահագործվեն։ Ուսումնասիրության ընթացքում պարզվել է, որ ավտոբուսները մեծամասամբ բավականին լավ վիճակում են գտնվում։
Ըստ կառավարության որոշման նախագծում ներկայացված տեղեկանքի՝` երևանյան երթուղիներում այսօր ներգրավված են 249 հատ 2011թ-ի արտադրության«Հիգեր» մակնիշի, 19 հատ 2010-2011 թթ-ի «Հունդաի» մակնիշի, 91 հատ 2005-2009թթ-ի «Բոգդան» և «ՊԱԶ» մակնիշների ավտոբուսներ, ինչպես նաև` մոտ 750 հատ 10 և ավելի բարձր տարիքի միկրոավտոբուսներ։