ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik. ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, բժիշկ Արմեն Չարչյանի գործով այսօր արտահերթ դատական նիստ կգումարվի։ Տեղեկությունը հայտնում է նրա փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
«Առաջին ատյանի դատարանի դատավոր Միսակյանը ՀՀ Սահմանադրական դատարանի որոշման հիման վրա արտահերթ դատական նիստ է նշանակել այսօր` ժամը 14:00-ին»,– Facebook-ի իրէջում գրել է փաստաբանը։
Երեկ` դեկտեմբերի 9-ին Էրիկ Ալեքսանյանը Չարչյանի խափանման միջոց կալանավորումը վերացնելու պահանջով դատական արտահերթ նիստ հրավիրելու միջնորդություն էր ներկայացրել դատարանին` հիմք ընդունելով Սահմանադրական դատարանի որոշումը։
Բանն այն է, որ ՍԴ–ն երեկ հրապարակել էր պատգամավորների անձեռնմխելիության վերաբերյալ «Հայաստան» խմբակցության պատգամավորների դիմումի վերաբերյալ որոշումը:
Սահմանադրական դատարանն արձանագրել էր. «Անազատության մեջ գտնվող պատգամավորի կարգավիճակ չունեցող անձը պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից, բացառությամբ Սահմանադրության 96-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի, չի կարող պահվել անազատության մեջ և չի կարող զրկվել ազատությունից այլ կերպ, քան Ազգային ժողովի համաձայնությամբ»:
Այս որոշման հիման վրա «Հայաստան» խմբակցությունը հայտարարել էր, որ իրենց խմբակցության անդամներին (Արմեն Չարչյան, Մխիթար Զաքարյան, Արթուր Սարգսյան) ամիսներ շարունակ ապօրինի են պահել կալանքի տակ, ու նրանք պետք է անհապաղ ազատ արձակվեն։
Հիշեցնենք` հունիսի 18-ին համացանցում հայտնվեց մի ձայնագրություն, որում լսվում էր, թե ինչպես է Չարչյանը աշխատակիցներին հորդորում ԱԺ ընտրությանը մասնակցել` ակնարկելով չքվեարկել գործող իշխանությունների օգտին։ Նույն օրը Չարչյանը ձերբակալվեց։
Հունիսի 21-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը թույլ տվեց քրեական հետապնդում սկսել Չարչյանի նկատմամբ։ Չարչյանը կալանավորվեց, ապա 15 մլն գրավի դիմաց ազատ արձակվեց։
Օգոստոսի 23-ին Չարչյանը կրկին կալանավորվեց։
Հոկտեմբերի 15-ին Էրիկ Ալեքսանյանը հայտնեց, որ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող պրոֆեսորի վիճակը ծանր է։