ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի - Sputnik. Հյուսիս–հարավ ավտոճանապարհի` Վանաձորից մինչև Վրաստանի սահման հատվածի շինարարությունը կավարտվի 2022 թվականի հունիսին։ Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
Նրա ներկայացմամբ` մայրուղու վրա մնացել է ասֆալտապատման շուրջ 4 կմ աշխատանք։ Բայց հընթացս որոշվել է ամրացնել նաև Ալավերդու երկու կամուրջները, ինչպես նաև լրացուցիչ շինարարական աշխատանքներ իրականացնել Օձուն գյուղի մոտ:
Որոշվել է քարաթափումներից խուսափելու համար պայթեցնել ճանապարհի վրա կախված ժայռի մի մասը: Բոլոր այդ աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև 2022թ–ի հունիս։
Անդրադառնալով «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի շինաշխատանքներին` Սանոսյանը նաև հայտնեց, որ Թալին–Գյումրիի ճանապարհը կառուցվել է առաջանցիկ տեմպերով` 2021 թվականին նախատեսված 20 կմ-ի փոխարեն ասֆալտապատվել է 50 կմ։
«Հյուսիս-հարավ» ավտոճանապարհը կառուցվում է մի շարք միջազգային բանկերից (Ասիական զարգացման բանկ, Եվրոպական ներդրումային բանկ, Եվրասիական զարգացման բանկ) ստացված վարկերի հաշվին:
Ծրագրով նախատեսվում է արդիականացնել Հայաստանի հյուսիսային սահմանից մինչև հարավային սահման գործող ավտոմայրուղիները, իսկ մի շարք վայրերում ` կառուցել նորերը։