ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի –Sputnik. ՀՀ կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշմամբ Հայաստանում ստեղծվել է «Հայ-Ալմաստ» փակ բաժնետիրական ընկերություն։
Որոշումն ընդունվել է առանց քննարկման ու զեկուցման, բայց կառավարության պաշտոնական կայքում հրապարակված նախագծից պարզ է դառնում, որ դրա ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության համար ռազմավարական ոլորտ հանդիսացող ադամանդագործության զարգացման, ադամանդագործական ընկերություններին արդյունավետ հումքով ապահովելու, ադամանդագործական ընկերությունների արտադրանքը ԵԱՏՄ և երրորդ երկրներ արտհանելու, ոլորտի հետագա զարգացման նպատակով հավելյալ ֆինանսական միջոցներ ներգրավելու, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության «Ալռոսա» ընկերության հետ աշխատանքը նոր մակարդակ տեղափոխելու անհրաժեշտությամբ։
Բանն այն է, որ Հայաստանի ադամանդագործության զարգացումը մշտապես պայմանավորվել է ալմաստի հումքի աշխարհում թիվ մեկ արդյունահանող ՌԴ «Ալռոսա» ընկերության հետ արդյունավետ համագործակցությամբ։ Մինչդեռ, վերջին 10 տարում «Ալռոսան» հումքը վաճառում է բացառապես խոշոր ընկերություններին՝ երկարաժամկետ պայմանագրերի հիման վրա, ինչի հետևանքով հայկական ընկերությունները զրկվում են արդյունավետ հումք ներմուծելու հնարավորությունից։
«Ալռոսայի» հետ երկարատև համագործակցության պայմանագիր կնքելու համար ադամանդ մշակող ընկերությունը պետք է ստանձնի յուրաքանչյուր ամիս որոշակի քանակով հումք ձեռք բերելու պարտավորություն, իսկ ՀՀ ձեռնարկություններն առանձին-առանձին ի վիճակի չեն նման պայմաններով աշխատել։
Ուստի ՀՀ կառավարությունը որոշել է հումքի ձեռքբերումն իրականացնել պետական մասնակցությամբ ընկերության կողմից և այն մատակարարել տեղական ընկերություններին։
«Ընդ որում, «Ալռոսա» ընկերության հետ նախնական բանակցությունների արդյունքում պարզ է դարձել, որ նրանց համար առավել ընդունելի է եղել պետական մասնակցությամբ ընկերության հետ համագործակցությունը»,– ասված է կառավարության որոշման նախագծում։
Այսպիսով, նոր ստեղծվող ընկերությունը պայմանագրեր է կնքելու ՀՀ–ում գործող ադամանադագործական ընկերությունների հետ, որոնք հայտեր են ներկայացնելու։ Ընկերությունները հումքի արժեքի գումարը վճարում են «Հայ-Ալմաստ» ընկերությանը, որն էլ «Ալռոսայից» գնված հումքը սահմանված ժամկետում մատակարարելու է տեղական ընկերություններին՝ ըստ ներկայացված հայտերի։
Պետական ընկերությունը միջնորդական ծառայության դիմաց կստանա միջնորդավճար, որի չափը կհաստատվի ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի կողմից։
Ընկերության խորհրդում կընդգրկվեն գործող ադամանդագործական ընկերությունների կողմից առաջարկված մեկ կամ երկու ներկայացուցիչ։
Որոշման ընդունումը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության հաշվարկով, հնարավորություն կտա ադամանդի արտադրության ծավալներն ու արտահանումը հասցնել տարեկան միջինը 150 մլն ԱՄՆ դոլարի։
Հայաստանում ադամանդագործության ոլորտում զբաղվածների թիվը հնարավոր կլինի հասցնել մինչև 5000-ի, խոշոր ձեռնարկություններինը` 20-25-ի։