ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի - Sputnik. Հայաստանում այս պահին հայտնաբերվել է գրիպի Ա տեսակի H3 ենթատեսակի վիրուսի 12 դեպք։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Ըստ հաղորդագրության` վիրուսը հայտնաբերվել է գրիպի դետքային համաճարակաբանական հսկողության շրջանակներում վերցված նմուշների լաբորատոր հետազոտության արդյունքում։
«Գրիպի Ա տեսակի H3 ենթատեսակի վիրուսի 12 դեպքից 7-ը հայտնաբերվել են ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպություններ դիմելիության արդյունքում՝ 0-18 տարեկանների, իսկ 5-ը՝ հղի կանանց շրջանում, որոնք հոսպիտալացվել են։ Հղիներից 1-ը ծննդալուծվել է, այս պահին վիճակը կայուն է, 2-ը դուրս են գրվել, մյուս 2-ի վիճակը գնահատվում է բավարար»,–նշված է հաղորդագրության մեջ:
Շեշտվում է, որ սեզոնային գրիպի կանխարգելման լավագույն և արդյունավետ միջոցը պատվաստումն է, որը հասանելի է և կիրառվում է արդեն տասնյակ տարիներ:
Հայաստանի բոլոր պոլիկլինիկաներն ապահովված են սեզոնային գրիպի պատվաստանյութով, որոնք կատարվում են կամավորության սկզբունքով, անվճար, պետական պատվերի շրջանակում։