ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Կատարի էմիր, շեյխ Թամիմ Բին Համադ ալ Թանիի հետ հանդիպմանը քննարկել է Հայաստանում նորագույն տեխնոլոգիաների և արհեստական բանականությանը վերաբերող հարցեր։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։
Նախագահն ընդգծել է, որ Կատարը կարող է կարևոր գործընկեր լինել Հայաստանի համար։ «Նախագահ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը ձգտում է դառնալ բարձր տեխնոլոգիաների, նորարարությունների առաջատար երկիր: Այդ շրջանակում նա անդրադարձել է ATOM նախագահական նախաձեռնությանը»,– նշված է հաղորդագրության մեջ։
Աշխատանքային այցով Կատարի Պետությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Կատարի Պետության էմիր, շեյխ Թամիմ Բին Համադ Ալ Թանիի հետ
© Photo : official site of the President of RA
Հայաստանի նախագահն ու Կատարի էմիրն ընդգծել են երկու բարեկամ երկրների միջև փոխգործակցության մեծ ներուժը, հարաբերությունների ընդլայնման ու ամրապնդման՝ երկուստեք պատրաստակամությունը: Նախագահ Սարգսյանը տեղեկություններ է ներկայացրել Հայաստանի իրավիճակի, առկա մարտահրավերներին, մասնավորապես, մարդասիրական խնդիրների վերաբերյալ:
Զրուցակիցները նշել են, որ երկու երկրները կարող են առաջ մղել իրենց հարաբերությունները հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների, գիտակրթական նորարարության, ֆինանսաբանկային, զբոսաշրջության, կլիմայական փոփոխությունների ոլորտներում։
Աշխատանքային այցով Կատարի Պետությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Կատարի Պետության էմիր, շեյխ Թամիմ Բին Համադ Ալ Թանիի հետ
© Photo : official site of the President of RA
«Մեզ համար ողջունելի կլինի Կատարի ընկերությունների հետաքրքրությունը Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտների հանդեպ, պատրաստ ենք աջակցել պոտենցիալ ներդրողներին: Արհեստական բանականությունը, գիտությունը, ֆինանսաբանկային համակարգը, կրթությունն ու մշակույթն այն ոլորտներն են, որտեղ մեր համագործակցությունը կարող է ավելի խորանալ»,– ասել է Սարգսյանը` խոսելով Հայաստանի ներդրումային մեծ հնարավորությունների մասին:
Նախագահը նաև ասել է, որ Հայաստանը հետաքրքրված է տարբեր ոլորտներում Ծոցի երկրների հետ համագործակցության խորացմամբ։
Արմեն Սարգսյանի աշխատանքային այցը Կատար մեկնարկել է դեկտեմբերի 8-ին։