ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ու Ֆրանսիայի արտաքին գործերի պետքարտուղար Ժան–Բատիստ Լըմուանը Փարիզում հանդիպման ժամանակ «Հայ–ֆրանսիական տնտեսական համագործակցության 2021-2026 թթ. ճանապարհային քարտեզը» փաստաթուղթ են ստորագրել։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից։
Փաստաթղթի հիմնական նպատակն է ՀՀ և Ֆրանսիայի միջև ստեղծել առաջիկա 5 տարվա համար նախատեսվող երկկողմ տնտեսական ծրագրերի ռազմավարություն ու համագործակցության շրջանակը, որն ընդգրկելու է ենթակառուցվածքների, քաղաքաշինության, էներգետիկայի, զբոսաշրջության, բարձր տեխնոլոգիաների, առողջապահության և այլ ոլորտներ:
ՀՀ ԱԳՆ Արարատ Միրզոյանն ու Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղար Ժան–Բատիստ Լըմուանը «Հայ–ֆրանսիական տնտեսական համագործակցության 2021-2026 թթ. ճանապարհային քարտեզը» փաստաթուղթ են ստորագրել։
© Photo : official site of MFA of RA
Հանդիպման ընթացքում քննարկումներ են եղել ու երկուստեք կարևորվել է հայ-ֆրանսիական առևտրատնտեսական կապերի դիվերսիֆիկացումը, համագործակցությունը տնտեսական նոր ծրագրերով հարստացնելու անհրաժեշտությունը և փոխադարձ ներդրումների աշխուժացումը։
Զրուցակիցները ընդգծել են նաև, որ Ֆրանսիայի և Հայաստանի գործարար շրջանակների միջև շփումների ակտիվացման անհրաժեշտություն կա։
«Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ անհրաժեշտ է նպատակամղված աշխատանքներ տանել՝ կյանքի կոչելու երկու երկրների բարձրագույն ղեկավարության պայմանավորվածությունները տնտեսական հարաբերությունների շեշտակի ակտիվացման ուղղությամբ, ինչը կհամապատասխանի Հայաստանի և Ֆրանսիայի միջև առկա առանձնաշնորհյալ հարաբերությունների մակարդակին»,– նշվում է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ դեկտեմբերի 9-ին Փարիզում տեղի է ունեցել հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության աշխատանքային խմբի առաջին համատեղ նիստը։
Միջոցառմանը հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, ֆրանսիականը՝ Ֆրանսիայի արտաքին գործերի պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանը։ Հայկական պատվիրակությունում ընդգրկված էին նաև տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների, էկոնոմիկայի, ֆինանսների, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունների փոխնախարարները, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խորհրդականը և այլ պաշտոնատար անձինք։