Երևանյան սուրճ և ջազ Տորոնտոյում. ինչպես են հայ եղբայրները դարձել քաղաքի մշակույթի մասնիկը

Շանթ Չաքմաքը. Արխիվային լուսանկար
Ռազ ու Շանթ Չաքմաքները Կանադայի Տորոնտո քաղաքում մեծացած եղբայրներ են։ Իրենց յուրահատուկ նախագծերում նրանք կարողացել են միավորել սիրելի գործն ու հայկական որոշ ավանդույթներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի - Sputnik. Եթե դու կառուցես դա, նրանք կգան։ «Երազանքների դաշտը» ֆիլմից այս արտահայտությունը շատ լավ է նկարագրում Տորոնտոյից Չաքմաք եղբայրների գործը: Գրեթե հինգ տարվա ընթացքում նրանք ստեղծել են յուրահատուկ երկու բիզնես-նախագիծ, որոնք գնալով բարգավաճում են:
Հենց այսպես է սկսվում «Ինչպես են երկու հայ եղբայրները դարձել Տորոնտոյի մշակութային կյանքի հերոսները» վերնագրով հոդվածը, որը հրապարակվել է տեղական Blogto հարթակում:
Նրանց ընկերությունները` թե՛ Antikka -ն, թե Out & the Fuzz-ն ապացուցել են, որ օրիգինալ հայեցակարգը, դրական մթնոլորտի և նվիրվածության հետ միասին կգրավեն հաճախորդներին:
Antikka-ն վինիլային ձայնապնակների խանութ է, որն առաջարկում է հարյուրավոր ձայնապնակներ դիտելու բացառիկ հնարավորությունը միատեղել ավանդական հայկական սուրճ վայելելու հետ։ Բացի այդ, այստեղ կարող են նաև կենդանի կատարումը լսել։
2017 թվականին հիմնադրված Antikka-ն Ռազ Չաքմաքի նախագիծն է։ Նա ուզում էր համատեղել երաժշտության հանդեպ սերը հայկական սրճասիրության հետ։
Գաղափարը հայտնվել է այն ժամանակ, երբ նա գիտակցել է, որ վինիլային խանութներով շրջելուց հետո ստիպված է որևէ այլ վայրում սուրճ խմել։ Մտածել է` ինչու չհամատեղել ամեն ինչ մեկ հարկի տակ. այսպես էլ հայտնվել է վինիլային խանութն ու մյուզիք-սրճարանը։
Antikka -ում, բացի հայկական ձևով եփված սուրճից, առաջարկում են նաև Հայաստանից բերված գինի ու չրեր:
Շանթ Չաքմաքը
The Oud & the Fuzz կոկտեյլ-բարն անվանակոչվել է ի պատիվ Նյու Յորքից հայազգի երաժիշտ Ջոն Բերբերյանի, որը հայտնի է պսիխոդելիկ ջազի և հայկական ավանդական երաժշտության միքսերով:
«The Oud & the Fuzz -ն իր դռները բացել է 2020 թվականի ապոկալիպտիկ մարտ ամսին, ինչը նշանակում էր, որ բիզնեսն ի սկզբանե վարձակալության համար սուբսիդիաներ ստանալու իրավունք չուներ, քանի որ համավարակի պահին եկամուտ չի ունեցել», - գրում է հրատարակությունը:
Շանթի խոսքով՝ նման սկիզբը փորձություն էր իրենց հավատի ու նվիրվածության համար։
Երկու վայրերն էլ իրենց անկրկնելի հմայքով զարդարում են Տորոնտոյի մշակութային կյանքը։ Դրանք իրենց հաճախորդներին պարբերաբար ներկայացնում են ինդի երաժշտություն՝ լինի դա ջազ, բլյուզ, սոուլ կամ ֆյուժն, ինչպես նաև հայկական ժառանգությունը՝ սննդի, ըմպելիքների, երաժշտության և բարության տեսքով: