Բիզնես նախագծեր, զբոսաշրջային զարգացում. երիտասարդները մասնակցում են հայ–ռուսական ֆորումին

Ֆորումն անց է կացվում արդեն 7-րդ անգամ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանից շուրջ 30 երիտասարդ Մոսկվայում մասնակցում են հայ–ռուսական երիտասարդական ֆորումին։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մամուլի ծառայությունից։

«Ֆորումի նպատակն է ստեղծել կրթական տարածք՝ բարձրացնելու երիտասարդների մասնակցությունը, զարգացնելու միջմշակութային երկխոսությունը և հումանիտար համագործակցությունը Հայաստանի և Ռուսաստանի երիտասարդների միջև, նպաստել երիտասարդական քաղաքականության ոլորտի զարգացմանը և երիտասարդների հետ աշխատանքին՝ 2 երկրում ստեղծելով երիտասարդական ցանց»,– նշված է հաղորդագրության մեջ։

Ֆորումին մասնակցող երիտասարդները ԿԳՄՍ նախարարությունից են, Երևանի պետական, Հայաստանի պետական տնտեսագիտական, Հայ-ռուսական, Եվրոպական համալսարաններից, ինչպես նաև ներկայացուցիչներ երիտասարդական հասարակական կազմակերպություններից:
Ֆորումի բացմանը տեսակապով մասնակցել է ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արթուր Մարտիրոսյանը։ Նա արձանագրել է, որ 7-րդ երիտասարդական ֆորումի աշխատանքների շրջանակներում փոխգործակցությունն ուղղված է երիտասարդական բիզնես նախագծերի և զբոսաշրջության զարգացմանը։
«Ռուսաստան՝ սպորտային պետություն». Վահրամ Դումանյանը մասնակցել է ֆորումին
«Զբաղված լինելով ուսումնառությամբ և զարգացմամբ՝ այս շրջանում ուղիներ գտնելու վերաբերյալ շատ հաճախ հարցեր են առաջանում: Այս ֆորումն այն երկխոսության հարթակն է, որտեղ պետք է լսելի լինի երիտասարդների ձայնը, նրանց հուզող արդիական հարցադրումները: Ի վերջո, հենց երիտասարդությունն է առաջիկայում դառնալու պետության և հասարակական կյանքի շարժիչ ուժը»,– շեշտել է Մարտիրոսյանը:
Ֆորումի շրջանակում առաջարկվել են թեմատիկ բաժիններ հետևյալ ուղղություններով՝ «Երիտասարդական բիզնես նախագծեր» և «Երիտասարդական զբոսաշրջության զարգացում». կքննարկվեն երիտասարդական բիզնես գաղափարների միտումները, նորարարական նախագծերը, հեռանկարները, զբոսաշրջության միտումները, զբոսաշրջության մասսայականացումն ու զարգացումը:
Ռուս–հայկական ֆորումը Երևանում հավաքեց երկու երկրների երիտասարդությանը
2022 թվականին հայ–ռուսական 8-րդ երիտասարդական ֆորումն անց է կացվելու Հայաստանում։
Այն անցկացվում է 2015 թվականից՝ 2012 թվականին Հայաստանի և Ռուսաստանի միջև ստորագրված երկարաժամկետ տնտեսական համագործակցության մասին համաձայնագրի շրջանակում: