Բանակի հետ կապված խնդիրները հասարակության ներսում չեն կարող լայնորեն չքննարկվել, հակառակ դեպքում դրանք չեն լուծվի, առավել ևս, որ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո հասարակության ներսում պետք է սկսվեր ինչ-որ քննարկում, որը ենթադրում է նաև քննադատություն։ Sputnik Արմենիայի հետ զրույցում, վերլուծելով գերիներին մասին քննարկումների ազդեցությունը բանակի վրա, այս կարծիքը հայտնեց ռազմական վերլուծաբան Դավիթ Հարությունովը։
«Իհարկե խոսքն այն մասին չէ, երբ բանակի նպատակային վարկաբեկման ինչ-որ փորձ է արվում, բայց որ միանշանակ քննադատության չափը պետք է անհրաժեշտաբար աճեր, ուղղակի անխուսափելի փաստ է։ Մենք տեսնում ենք, որ ժամանակին բանակի խնդիրներին հանգամանորեն չեն անդրադարձել, լրատվամիջոցներն անդրադառնում էին միայն առանձին դրվագներին, երբ գրանցվում էին արտառոց դեպքեր, ընդ որում` չէր խոսվում այն մասին, թե ինչ պետք է անել խնդիրները լուծելու համար»,– ասաց ռազմական վերլուծաբանը։
Հարությունովի դիտարկմամբ` ցանկալի է, որ տվյալ ոլորտը հնարավորինս քիչ քննարկվի` հաշվի առնելով գաղտնիության գործոնը, բայց միաժամանակ տեսանելի է, որ եթե քաղաքական վերնախավը չի կարողանում բանակի պրոբլեմները լուծել, այդտեղ անշուշտ պահանջվում է հասարակության որոշակի միջամտություն։
Ըստ նրա` հաշվի առնելով այն, ինչ տեղի ունեցավ պատերազմի արդյունքում`խնդիրների հանրայնացումն ուղղակի անխուսափելի էր։
«Կա նաև խնդիրների հասարակական քննարկման արդյունավետության հարցը։ Մեզանում պատերազմի արդյունքների և բանակաշինության 30 տարիների ամփոփման վերաբերյալ քննարկումը կրում է քաղաքականացված բնույթ` դառնալով տեղեկատվական պատերազմի տարր տարբերխմբավորումների միջև։ Դիսկուսիան ցավոք սրտի չի բերում նրան, որ հասարակության ներսում ձևավորվեն օբյեկտիվ եզրակացություններ»,– ասաց Հարությունովը։
Նրա կարծիքով` քննարկումներն իհարկե անհրաժեշտ են, սակայն պետք է հաշվի առնել, թե ինչպես են ընթանում դրանք և ինչ օգուտ են տալիս հասարակությանն ու բանակին։
Հիշեցնենք` դեկտեմբերի 7-ին համացանցում էր հայտնվել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ գաղտնի նկարահանված տեսանյութը, որտեղ ՀՀ ԱԺ նախագահը հայտարարում է, որ գերիների ծնողներն էլ գիտեն` իրենց որդիները դասալքություն են արել։
Ավելի ուշ Ալեն Սիմոնյանը մեկնաբանեց, որ տեսանյութը մոնտաժված է ու իր խոսքը կիսատ է ներկայացված։ Այդուհանդերձ, նա վերահաստատեց` բոլոր այն զինծառայողները, որոնք վայր են դրել զենքն ու հանձնվել են գերության, կենթարկվեն քրեական հետապնդման։
Դրանից հետո գերիների և անհետ կորածների հարազատները հավաքվեցին ինչպես Հանրապետության հրապարակում` կառավարության շենքի մոտ, այնպես էլ շիրակցի գերիների հարազատները բողոքի ակցիա արեցին մարզպետարանի շենքի մոտ։ Գերեվարվածների հարազատներին զայրացրել են Ալեն Սիմոնյանի խոսքերը։