ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի մասնաշենքերից մեկը` մեկուսարանը, վթարային ու անմխիթար վիճակում է։
Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի նախագահ Զարուհի Հովհաննիսյանը։
Նա նշեց, որ պլանային այցելության ժամանակ դիտարկել են կացարանային հատվածը։
««Աբովյան» ՔԿՀ–ում կան տարբեր շենքեր և պայմաններն էլ տարբեր են։ Վատ պայմաններ են այն մասնաշենքում, որտեղ գտնվում են ուղղակի կալանավորված և փակ տիպի կալանք կրող անձինք։ Ամենաշատը հենց այդ հատվածն է բնակեցված, սակայն այդ շենքը բավական հին է, և այդտեղ հիմնանորոգման կարիք կա, ու մենք առաջին անգամ չէ, որ բարձրաձայնում ենք այդ մասին»,– նշեց Հովհաննիսյանը։
Դիտորդը շեշտեց, որ արդարադատության նախարարությունն ու քրեակատարողական ծառայությունը որոշակի միջոցներ հատկացրել են մասնակի վերանորոգման, ջրահեռացման համակարգի համար։ Բայց ներկա պահին եղանակային պայմանների պատճառով կրկին առաջացել է ջրահեռացման խնդիրը։
Որոշում է կայացվել, որ առաջին հարկը, որտեղ պայմաններն անմարդկային են, ժամանակավորապես չշահագործվի. ի դեպ այնտեղ են գտնվում և՛ կարանտինային խցերը, և՛ պատժախցեր, և՛ ՔԿՀ աշխատակիցները։ Նախարարությունից հայտնել են, որ 2022 թվականին նախատեսվում է այստեղ հիմնանորոգում իրականացնել։
ՀՀ ԱՆ Քրեական օրենսդրության, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման վարչության պետ Արփի Սարգսյանը նշեց, որ մշակված ռազմավարության շրջանակում` կապիտալ վերանորոգումների կետում, տեղ է գտել նաև «Աբովյան» ՔԿՀ–ն։
«Մինչև 2023 թվականը նախատեսում ենք շենքային խնդիրներին վերաբերող բոլոր հարցերը լուծել։ Հատկապես, անչափահասների համար ցանկանում ենք այնպես անել, որպեսզի ոչ բանտային պայմաններ լինեն»,– ասաց Սարգսյանը։
2019 թվականին տվյալ ՔԿՀ–ում իրականացվել են շինարարական որոշակի աշխատանքներ։ ԱՆ ներկայացուցիչը նաև հավելեց, որ 2020 թվականին կորոնավիրուսային հիվանդության, ինչպես նաև Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով պետական բյուջեի ֆինանսական միջոցների որոշակի վերաբաշխում է տեղի ունեցել։
Նրա խոսքով` ներկա պահին քննարկումներ են ընթանում ՔԿ ծառայության գործընկերների հետ, որպեսզի առաջիկայում կարողանան մասամբ լուծում տալ խնդրին։
ԱՆ քրեակատարողական ծառայության շտաբի պետ Ռուբեն Դարբինյանն էլ ասաց, որ բացի ջրահեռացման համակարգի վերանորոգումից, նախագծում տեղ են գտել նաև տվյալ ՔԿՀ–ի հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար սանհանգույցից պատշաճ կերպով օգտվելու հնարավորության ընձեռումը։
«Նախատեսվում է վերանորոգել բոլոր սանհանգույցները` արտաքին և ներքին հարդարման աշխատանքներ իրականացնել։ 2022 թվականին միջոցներն արդեն առկա են և դրանք կտրամադրվեն առաջին հերթին «Աբովյան» ՔԿՀ–ին։
Նա շեշտեց, որ մնացած քրեակատարողական հիմնարկներում ընթացիկ շինարարական աշխատանքները շարունակական բնույթ են կրում, վերանորոգվում են սանհանգույցները, ջրահեռացման համակարգերը և այլն։