ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ իր հարգանքն ու խոնարհումը հայտնեց Արցախի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի պաշտպանության համար զոհված 9 զինծառայողների հիշատակին։
«9 հոգի, 9 զինվոր, 9 հերոս մինչև վերջ կանգնել են և իրենց կյանքը տվել հանուն հայրենիքի»,– ասաց նա։
Խոսելով տվյալ տարածքում գերեվարված զինծառայողների մասին` վարչապետը հիշեցրեց, որ այդ դրվագի վերաբերյալ կա հարուցված քրեական գործ։ Նա ցավով արձանագրեց, որ դրանով անցնող առանցքային մեղադրյալներից մեկին դատարաններն այդպես էլ չեն կալանավորել` մերժելով համապատասխան միջնորդությունը։
Հարցը հնչեցրած պատգամավոր Տիգրան Աբրահամյանը հստակեցրեց. «Կառավարությունն ընդունո՞ւմ է, որ ադրբեջանական քայլերը տեղի են ունեցել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից դուրս»։
Փաշինյանը հայտարարեց, որ դա շատ բարձր մակարդակի պաշտոնյաների հետ կապ ունեցող թեմա է, և եթե իրենք համարեին, որ այն համապատասխանում է նոյեմբերի 9-ի հայտարարությանը, իր նշած հերոս նահատակներն այդ դիրքերում կանգնած չէին լինի։
«Այսինքն` եթե այդ դիրքերում կանգնած են եղել, նշանակում է մենք համարում ենք, որ իրադրությունը չի համապատասխանել նոյեմբերի 9-ի տրամաբանությանը»,– ասաց Փաշինյանը` դարձյալ շեշտելով, որ թեման առնչվում է շատ բարձր պաշտոնյաների հետ, որոնց գործողությունները կոծկելու ցանկություն ինքը չունի։
«Բայց ոչինչ գաղտնի չի մնա»,– ասաց Փաշինյանը` խոստանալով, որ ամեն ինչ կբացահայտվի։
Հիշեցնենք` Հին Թաղերի և Խծաբերդի հանձնման ու այդպիսով 62 զինվորների գերեվարման դեպքով հարուցված քրգործով անցնում է փոխգնդապետ Արսեն Ղազարյանը։ Նրա պաշտպան Վահան Հովհաննիսյանն այսօր շիրակցի 62 զինվորների գերեվարման դեպքով հարուցված քրգործով տուժած համարվող ու հայրենիք վերադարձած գերիների ցուցմունքներից հատվածներ էր հրապարակել։