ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի – Sputnik. Անհետ կորածների և գերիների հարազատներն այս պահին հավաքված են Ազգային ժողովի առջև։
Անհետ կորածների մեկի հարազատը` Արսեն Ղուկասյանը, հայտնեց, որ մի քանի պատգամավորների են տեսել տարբեր խմբակցություններից և հետաքրքրվել` ինչ նկատի ուներ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, երբ ասում էր, որ գերիներն իր համար չկան, նրանք դասալիքներ են։
Սակայն Ղուկասյանը նշում է, որ ուզում են Ալեն Սիմոնյանը գա և ծնողներին անձամբ ասի` ինչ նկատի ուներ։ «Երբ ասում են` գերիներն իմ համար չկան, ոնց որ Ադրբեջանին մեսիջ անի, որ ինչ ուզում եք արեք գերիների հետ։ Թող գա և իր խոսքերի համար պատասխան տա»,–ասում է նա։
Ղուկասյանը հայտնեց, որ գիշերն ինքը և որոշ այլ ծնողներ ԱԺ առջև են անցկացրել։
Հիշեցնենք` դեկտեմբերի 7-ին համացանցում էր հայտնվել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ գաղտնի նկարահանված տեսանյութը, որտեղ ՀՀ ԱԺ նախագահը հայտարարում է, որ գերիների ծնողներն էլ գիտեն` իրենց որդիները դասալքություն են արել։
Ավելի ուշ Ալեն Սիմոնյանը մեկնաբանեց, որ տեսանյութը մոնտաժված է ու իր խոսքը կիսատ է ներկայացված։ Այդուհանդերձ, նա վերահաստատեց` բոլոր այն զինծառայողները, որոնք վայր են դրել զենքն ու հանձնվել են գերության, կենթարկվեն քրեական հետապնդման։
Դրանից հետո գերիների և անհետ կորածների հարազատները հավաքվել էին ինչպես Հանրապետության հրապարակում` կառավարության շենքի մոտ, այնպես էլ շիրակցի գերիների հարազատները բողոքի ակցիա էին անում մարզպետարանի շենքի մոտ։ Գերեվարվածների հարազատներին զայրացրել են Ալեն Սիմոնյանի խոսքերը։