Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ գործընկեր Ջո Բայդենի հետ բանակցություններն անվանել է բաց և դրական, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Բավական երկար ու մանրամասն ենք խոսել, ավելի քան երկու ժամ։ Ուզում եմ ևս մեկ անգամ ընդգծել` զրույցը բաց էր և առարկայական, ես կասեի` կառուցողական։ Համենայն դեպս հույս ունեմ, որ այդպես է մեր հանդիպման արդյունքները գնահատում նաև ամերիկյան կողմը», – մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՌԴ առաջնորդը։
Նա հավելել է, որ կարևորն այն է, որ երկու երկրները երկխոսությունը շարունակելու հնարավորություն ունեն։
Պուտինը պատմել է նաև, որ Ռուսաստանն ու ԱՄՆ–ն անվտանգության խնդիրների լուծման համար համատեղ կառույց կստեղծեն։
«Սա առանձին զրույցի թեմա է։ Նախագահի հետ պայմանավորվել ենք, որ կշարունակենք այս քննարկումն ու առարկայական կդարձնենք այն։ Առաջիկայում դրա հետ կապված կփոխանակենք մեր մտքերը։ Ռուսաստանն իր ասելիքը կնախապատրաստի մեկ շաբաթվա ընթացքում, և կփոխանցենք դրանք ամերիկյան կողմին ուսումնասիրման համար», – ասել է նա։
Նշենք, որ Պուտինի և Բայդենի բանակցությունները դեկտեմբերի 7–ին ընթացել են առցանց ձևաչափով և շարունակվել շուրջ երկու ժամ: Երկու երկրների ղեկավարները քննարկել են Ուկրաինայի թեման, անդրադարձել կիբեռանվտանգությանը, ռազմավարական կայունությանը, խոսել Իրանի մասին։