ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի - Sputnik. Չինաստանի գիտությունների ակադեմիայի Շանհայի համալսարանի գիտնականների թիմի հետազոտությունները ցույց են տվել, որ խաղողի կորիզներից ստացված քիմիական նյութը երկարացնում է կյանքը մոտավորապես 9 տոկոսով:
Nature Metabolism ամսագրում հրապարակված արդյունքները ստացվել են լաբորատոր մկների վրա բազմաթիվ փորձեր կատարելու արդյունքում։
Հետազոտությունը հաստատել է երիտասարդացման հեռանկարային մեթոդների կողմնակիցների փաստարկները։ Հայտնի է, որ ծերացող բջիջների քանակը կյանքի ընթացքում ավելանում է։ Դա տեղի է ունենում նաև տարբեր հիվանդությունների պատճառով։ Ընդ որում, ծեր բջիջները կորցնում են բաժանվելու իրենց ունակությունը ու փոխարենը սկսում են արտադրել միացություններ, որոնք բորբոքային գործընթացներ են առաջացնում։
Մասնագետները խաղողի կորիզներում հայտնաբերել են պրոցիանիդին C1 (РСС1): Պարզվել է` փոքր քանակությամբ այդ նյութը կրճատում է բորբոքային նյութերի արտադրությունը։ Մեծ կոնցենտրացիաների դեպքում տեղի է ունենում ծեր բջիջների ոչնչացում, իսկ երիտասարդները մնում են անձեռնմխելի: Արդյունքը ստացվում է ծեր ու մաշված բջիջների մաքրման շնորհիվ։
Նաև հաջողվել է պարզել, որ բուժման այս մեթոդը նպաստում է մկների ֆիզիկական առողջությանն ու նվազեցնում է ուռուցքների չափը (քիմիաթերապիայի հետ միասին):
Խաղողի կորիզները վերջին ժամանակներս ավելի ու ավելի հաճախ են դառնում տարբեր սննդային հավելումների, կոսմետիկ միջոցների և օծանելիքի բաղադրիչներ, ինչպես նաև բավականին լայնորեն օգտագործվում են ինչպես ժողովրդական, այնպես էլ ավանդական բժշկության մեջ: