Խաղաղապահներն ապահովել են Արցախի Խրամորթ գյուղի ճանապարհի կառուցման անվտանգությունը

Ճանապարհի կառուցման աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև այս տարվա վերջ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի - Sputnik. Ռուս խաղաղապահ զորախմբի զինծառայողները ապահովել են անվտանգությունը նոր ճանապարհի կառուցման ժամանակ։ Ճանապարհը կանցնի կողմերի սահմանազատման գծի երկայնքով` Խրամորթ գյուղից մինչև Ասկերան քաղաք: Տեղեկությունը հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
«Ներկայումս Խրամորթ գյուղում իրականացվում են մանրախճի արդյունահանման անվտանգության ապահովման միջոցառումները։ Աշխատանքներն իրականացվում են սահմանազատման գծի երկայնքով, ինչի պատճառով անհրաժեշտ է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի ներկայությունը», — ասել է Մարդասիրական արձագանքման կենտրոնի ներկայացուցիչ Դանիել Նիկիտինը։
Ճանապարհը կծառայի ինչպես խաղաղ բնակիչներին` որպես բնակավայրերի միջև ավելի անվտանգ երթուղի, այնպես էլ խաղաղապահներին՝ պարեկության նոր երթուղի ստեղծելու համար։ Ճանապարհի կառուցման աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև այս տարվա վերջ։
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: