Խոտ-Որոտան այլընտրանքային ճանապարհը շարունակում է դժվարանցանելի մնալ։ Ավելի վաղ գրել էինք, որ Որոտան գյուղը (ինչպես և Շուռնուխն ու Բարձրավանը) փաստացի կտրված են հանրապետությունից։
Բեռնատարների շարժն ուղղորդվել է Շինուհայր-Տաթև-Կապան այլընտրանքային մայրուղով։ Միաժամանակ սկսվել է Խոտ-Որոտան հին ճանապարհի վերանորոգումը։
Ճանապարհի մի մասն ընդարձակվել և հարթեցվել է։ Չնայած դրան, կան շատ նեղ և նույնիսկ մարդատար մեքենաների համար դժվարանցանելի հատվածներ։ Որոշ տեղերում ջուր է հոսում, որը ձմռանը մերկասառույցի է վերածվում։
Ինչ վերաբերում է երկրորդ այլընտրանքային ճանապարհին, որը Բարձրավանը կապում է Կապան-Տաթև-Շինուհայր մայրուղուն` այն գրեթե զրոյից են կառուցել։
Ներկայում այս ճանապարհն ավելի լավ տեսք ունի, քան առաջինը։ Ճանապարհը բավականին լավ հարթեցված է և հասանելի է ոչ միայն ամենագնացների, այլև սովորական մարդատար մեքենաների համար։ Մեծամասամբ մաքրված է երկու գծով ասֆալտապատման համար։
Այս ճանապարհից ներկայում օգտվում է, օրինակ, շտապօգնությունը։
Միակ խնդիրը տարածությունն է։ Գորիս հասնելու համար (երեք գյուղերն էլ այդ խոշորացված համայնքի մաս են կազմում) պետք է մեծ շառավղով շրջանցում անել։