ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի – Sputnik. ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը վստահեցնում է, որ երեկ ԱԺ–ում տեղի ունեցած ծեծկռտուքն իր աշխատասենյակում չի եղել։ Հենց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նա հայտնեց այդ մասին` նման լուրերը սուտ որակելով։
Տեղեկացրել էինք, որ դեկտեմբերի 7-ին Ազգային ժողովում ծեծկռտուք էր տեղի ունեցել։ Ինչպես լրագրողներին պատմել էր ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանի օգնական Սյունե Գևորգյանը, ծեծկռտուքը տեղի է ունեցել ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի աշխատասենյակում։ Դրան, ըստ Գևորգյանի, մասնակցել են ՔՊ–ականներ Հրաչյա Հակոբյանը, Վահագն Ալեքսանյանը, Սիսակ Գաբրիելյանը։
«Ես իմ աշխատասենյակում հանգիստ նստած կարդացել եմ լուր, թե ինչպես է իմ աշխատասենյակում ծեծկռտուք եղել։ Դրանից հետո առաջին հերթին դուրս եկա և իմ օգնականներին, որոնք երկու աղջիկներ են, շտապ ներս հրավիրեցի, որպեսզի չլսեն այդ խայտառակ հայհոյանքները, իսկ հետո մի շարք մարդկանց հրավիրեցի իմ սենյակ, որ կրքերը հանդարտվեն»,–ասաց Ռուբինյանը։ Նա նշեց, որ տեղյակ է միայն` երկու խմբակցությունների պատգամավորների օգնականները փորձել են հարցեր պարզել, սակայն այն ծեծկռտուքի է վերածվել։