Վարվող քաղաքականությունը միանգամայն ճիշտ է, և չարժե կասկածներ սերմանել ԱՊՀ–ի, ՀԱՊԿ–ի կամ ԵԱՏՄ–ի գործունեության վերաբերյալ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց «Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ–ի նախագահ, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը։
Ըստ նրա` մեր կենսական շահերը պահանջում են այդ երեք հարթակներում լինել կառուցողական, ակտիվ մասնակցությամբ փնտրել ու գտնել մեր օգուտն ու շահը։ 30-ամյա հեռավորությունից հստակ պետք է ասել, որ ՀՀ–ն մինչ օրս եղել է այն պետությունների թվում, որոնք ԱՊՀ–ն համարել են ընդհանուր քաղաքակրթական մի հարթակ, որտեղ արժե պահպանել հինը, հնի լավագույնը, ստեղծել նոր արժեքներ, պահպանել քաղաքակրթական ձեռքբերումները և փոխանցել գալիք սերունդներինը։
Արդեն 1990-ական թվականների կեսերին ԽՍՀՄ փլատակների վրա ստեղծված ԱՊՀ կազմակերպության մեջ հստակ գծագրվեցին երկու ուղղություններ, և առաջացան երկու խումբ պետություններ, որոնցից առաջինում ընդգրկված երկրները հասկանում էին, որ ԽՍՀՄ–ի ու դրանից առաջ ցարական Ռուսաստանի քաղաքակրթական արժեքների, համատեղ պատմության, ձեռքբերումների թիվն այնքան կարևոր ու մեծ է, որ ճիշտ կլիներ շարունակել և զարգացնել կապերը, ամրապնդել դրանք։
«Մինչդեռ պետությունների երկրորդ խումբը գտնում էր, որ ԱՊՀ–ն քաղաքակիրթ ապահարզանի ձև է, որում ընդգրկված պետությունները կամաց–կամաց պետք է տեսնեն իրենց գլխի ճարը, հեռանան Ռուսաստանի հովանավորությունից, իրենց բախտը կապեն այլ արժեքների, քաղաքակրթական ձեռքբերումների հետ և որքան հնարավոր է թուլացնեն կապերը ժամանակին եղած մետրոպոլիայի կենտրոնի ու մյուս երկրների հետ։ Վերոհիշյալ երկու մոտեցումներն անցած երեսուն տարիների ընթացքում իրենց զգացնել են տվել»,– ասաց Սաֆարյանը։
ՀԿ նախագահի դիտարկմամբ` Խորհրդային Միության փլուզումը ծանր հարված էր շատ պետությունների մշակութային, տնտեսական, քաղաքական ինքնությանը, Հայաստանը անկախության 30 տարվա շրջանում դեռ չի կարողացել վերականգնել ՀՆԱ–ի ցուցանիշները, որոնք կային 1989 թվականին, ուստի այդքան մեծ է եղել հարվածը մեր պետականության ու մեր շահերին։
Սաֆարյանի խոսքով` այն գիտակցումը, որ մենք գտնվում ենք ընդհանուր քաղաքակրթական տարածքում, որտեղ առաջատարը Ռուսաստանն է, որ այդ տարածքը կարող է հավակնել ժամանակակից բազմաբևեռ աշխարհում ինքնուրույն բևեռ լինելուն, իր ճակատագիրն ինքնուրույն տնօրինելու իրավունքին, իհարկե փաստ է։
Նշենք, որ այս տարվա դեկտեմբերին լրանում է ԽՍՀՄ–ի փաստացի փլուզման 30 տարին։ 1991 թվականի դեկտեմբերի 8-ին Բելառուսի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության (ՌԽՖՍՀ) և Ուկրաինայի ղեկավարները ստորագրեցին «Անկախ պետությունների համագործակցության ստեղծման մասին համաձայնագիրը»: