ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի - Sputnik. Շուրջ 180 թիմ է մասնակցել Երևանում կայացած «ArmRobotics» ռոբոտաշինության հերթական մրցույթին: Այսօր ասուլիսի ժամանակ տեղեկությունը հայտնեց Հայաստանի առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UATE) «Armath» դպրոցական լաբորատորիաների նախագծի ղեկավար Սեդրակ Վարդանյանը։
Մրցույթի եզրափակիչ փուլը կանցկացվի դեկտեմբերի 12-ին Երևանի Դավթաշեն վարչական շրջանում գտնվող Օլիմպիական ավանում: Մրցաշարին կմասնակցեն 45 թիմեր երկու տարիքային խմբերում (10-13 և 14-17 տարեկան):
Հաշվի առնելով մրցույթի առաջադրանքները՝ դպրոցականները պետք է ոչ միայն սոֆթ սարքեն ռոբոտի համար, այլև դրա վրա տեղադրեն ջերմաստիճանի ցուցիչներ (հրդեհի ճանաչման համար), ջրի մատակարարման համակարգ (հրդեհը մարելու համար), գույնի ու շարժվող օբյեկտների ճանաչման համակարգեր։
«Այս ամենը ոչ միայն ծրագրավորման, այլև ինժեներիայի ոլորտի գիտելիքներ է պահանջում։ Ժյուրին, որում ընդգրկված կլինեն գործող ընկերությունների փորձառու ինժեներներ, հաշվի կառնի ինչպես ռոբոտների կառուցվածքը, այնպես էլ դիզայնը», - նշեց Վարդանյանը։
Սեդրակ Վարդանյան
© Sputnik / Aram Gareginyan
Հիշեցնենք, որ այս տարի արդեն կայացել են «Havq» (ԱԹՍ–ների) և «DigiCode» ծրագրավորման մրցույթները:
Թե՛ «ArmRobotics»-ին, թե՛ մյուս երկու մրցույթներին մասնակցում են «Armath» լաբորատորիաների դպրոցականները, ինչպես նաև այլ թիմեր:
«ArMath» լաբորատորիայի և տեխնոլոգիական մրցույթների կազմակերպիչը UATE-ն է: Կազմակերպությանն աջակցում է ԿԳՄՍ նախարարությունը, ինչպես նաև մասնավոր տեխնոլոգիական ընկերությունները։