«Հայաստան» խմբակցությունն առաջարկում է գերիների հարցով ԱԺ լսումներ կազմակերպել

Արծվիկ Մինասյան. Արխիվային լուսանկար
ԱԺ–ի մուտքի մոտ այս պահին հավաքված են գերիների ու անհետ կորածների ծնողներն ու հարազատները, որոնք երեկվանից պատասխան են պահանջում Ալեն Սիմոնյանի հնչեցրած հայտարարության վերաբերյալ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի – Sputnik. ԱԺ «Հայաստան» խմբակցությունն առաջարկում է այսօր ԱԺ հերթական նիստի ավարտին` կառավարության հետ հարցուպատասխանից հետո, անցկացնել լսում` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՊՆ Սուրեն Պապիկյանի, ԱԳՆ Արարատ Միրզոյանի ու գերիների, անհետ կորածների ծնող–հարազատների մասնակցությամբ։ Այս մասին առաջարկը ԱԺ նիստում հնչեցրեց «Հայաստան» խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը։
«Ալենը մեզ մոտ չեկավ՝ թաղելու ենք իրան»․ գերիների ծնողները պատասխան են պահանջում
«Սա կարևոր է նաև, որովհետև իրական հնարավորություն է պատասխանելու այն բազմաթիվ հարցերին, որոնք հնչեցնում են մեր հայրենակիցները»,– ասաց Մինասյանը։
Ընդդիմադիր պատգամավորի հայտարարությանը իշխանության ներկայացուցիչներից ոչ ոք չարձագանքեց։
Թող Ալեն Սիմոնյանը գա, պատասխան տա. գերիների ծնողներն ԱԺ–ի մոտ են գիշերն անցկացրել
Նշենք, որ միաժամանակ ԱԺ–ի մուտքի մոտ այս պահին հավաքված են գերիների ու անհետ կորածների ծնողներն ու հարազատները, որոնք երեկվանից պատասխան են պահանջում Ալեն Սիմոնյանի հնչեցրած հայտարարության վերաբերյալ։
Հիշեցնենք` դեկտեմբերի 7-ին համացանցում էր հայտնվել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ գաղտնի նկարահանված տեսանյութը, որտեղ ՀՀ ԱԺ նախագահը հայտարարում է, որ գերիների ծնողներն էլ գիտեն` իրենց որդիները դասալքություն են արել։
Ավելի ուշ Ալեն Սիմոնյանը մեկնաբանեց, որ տեսանյութը մոնտաժված է ու իր խոսքը կիսատ է ներկայացված։ Այդուհանդերձ, նա վերահաստատեց` բոլոր այն զինծառայողները, որոնք վայր են դրել զենքն ու հանձնվել են գերության, կենթարկվեն քրեական հետապնդման։