ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի - Sputnik. Ադրբեջանական քարոզչական հարթակները համացանցում տարածում են հայերեն հաղորդագրություն, որն ուղղված է գերեվարված և անհետ կորած հայ զինծառայողների հարազատներին։ Տեղեկությունը հայտնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը։
Նշվում է, որ քարոզչական տեքստում կոչ է արվում ադրբեջանական որոշ էլեկտրոնային հասցեներով իրենց ուղարկել տեսաուղերձներ, դիմումներ և նամակներ՝ իբրև թե գերեվարված անձանց հետ կապ հաստատելու և նրանց վերադարձնելու համար։
«Զգուշացնում ենք, որ տվյալ հաղորդագրությունը տարածող հարթակները ադրբեջանական քարոզչական համակարգի մաս են կազմում։ Դրանք ողջ պատերազմի ընթացքում և դրանից հետո պարբերաբար հրապարակել են հայ զինծառայողների սպանության, կտտանքների և խոշտանգումների կադրեր»,–նշված է հաղորդագրության մեջ։
Շեշտվում է, որ ադրբեջանական քարոզչամեքենան, օգտվելով Հայաստանում տվյալ խնդրի զգայուն լինելու հանգամանքից, նպատակ է հետապնդում հայթայթել տեսաուղերձներ և դիմումներ, որոնք կփորձի օգտագործել Հայաստանի հանրության շրջանում բարոյալքող և հուսալքող քարոզչություն իրականացնելու համար։
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը ՀՀ աղաքացիներին հորդորում է չտրվել ադրբեջանական քարոզչամեքենայի հերթական խայծին և որևէ պարագայում չուղարկել տեսաուղերձներ կամ դիմումներ։