ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի – Sputnik. Գերիների ու անհետ կորածների հարազատները ի նշան բողոքի փակեցին Բաղրամյան պողոտայի երթևեկելի հատվածը։ Պատճառը, ըստ նրանց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի` իրենց հետ հանդիպման առաջարկը մերժելն է։
«Մենք առաջարկել էինք, որ մեզանից 20 հոգու ընդունի կամ գա այստեղ, մեզ հետ հանդիպի։ Մեզ ասացին` 2 հոգու կընդունի։ Մենք համաձայն չենք, բոլոր ծնողներին ինքը պիտի պատասխան տա։ Ուզում ենք ճանապարհը փակել, որ ինքը գա մեզ պատասխան տա»,– ասացին բողոքի ակցիայի մասնակիցները` ոստիկանության սպայի հարցերին ի պատասխան։
Նշենք, որ մինչ այդ գերիների ու անհետ կորածների հարազատները բողոքի ակցիա էին իրականացնում ԱԺ–ի` Դեմիրճյան փողոցի մուտքի մոտ։ Տեղում հերթապահություն իրականացնող ոստիկանները, տեսնելով, որ նրանք շարժվում են դեպի Բաղրամյան փողոց, փակեցին Դեմիրճյանից Բաղրամյան տանող ճանապարհը։
Այս պահին իրավիճակը Բաղրամյան–Դեմիրճյան խաչմերուկում շարունակում է լարված մնալ։ Կան նաև բերման ենթարկվածներ։
Հիշեցնենք` դեկտեմբերի 7-ին համացանցում հայտնվեց Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ գաղտնի նկարահանված մի տեսանյութ, որում ԱԺ նախագահը հայտարարում է` գերիների ծնողներն էլ գիտեն, որ իրենց որդիները դասալքություն են արել։
Ավելի ուշ Ալեն Սիմոնյանը մեկնաբանեց, որ տեսանյութը մոնտաժված է, իր խոսքն էլ կիսատ է ներկայացված։ Այդուհանդերձ, նա վերահաստատեց` բոլոր այն զինծառայողները, որոնք վայր են դրել զենքն ու հանձնվել են գերության, կենթարկվեն քրեական հետապնդման։
Դրանից հետո գերիների և անհետ կորածների հարազատները հավաքվեցին Հանրապետության հրապարակում` կառավարության շենքի մոտ, շիրակցի գերիների հարազատներն էլ բողոքի ակցիա արեցին մարզպետարանի շենքի մոտ։ Նրանց զայրացրել էր Ալեն Սիմոնյանի ասածը։