ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի – Sputnik. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ 2020-ի նոյեմբերի 9-ից առաջ էլ, հետո էլ իր պաշտոնավարման դիրքերում է եղել։ Փաշինյանն այդ մասին հայտարարեց ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ` պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանի հարցին։
Վարդանյանը նշել էր, թե նա 18 տարեկաններին մեղադրում է վախենալու, չկողմնորոշվելու մեջ և քրեական գործեր հարուցելու սպառնալիքով խոսում գերիների հետ. նոյեմբերի 9-ից հետո որտե՞ղ էր նա։ Այս հարցը հունից հանեց Փաշինյանին և նա զայրացած արձագանքեց։
«Ես նոյեմբերի 9-ից հետո էլ, առաջ էլ իմ պաշտոնավարման դիրքերում եմ եղել, և ոչ մի վայրկյան չեմ կտրվել դրանից հետո։ Ես ՀՀ-ում էի՝ իմ պարտականությունները կատարելու շրջանակում, իմ ենթակայության տակ գտնվող ինստիտուտներում էի»,–ասաց Փաշինյանը։
Իսկ հարցին, թե ինչո՞ւ չի հանդիպում բողոքի ակցիա անող գերիների հարազատների հետ` Փաշինյանը պատասխանեց, թե դա իր որոշումն է` ում հետ կհանդիպի կամ չի հանդիպի։
Վարչապետը նշեց, որ իր պարտականություններն էլ շատ լավ գիտի, Էլինար Վարդանյանի «թելածն» էլ և նրա շրջապատին էլ լավ գիտի։
Նշենք, որ Փաշինյանի ընդդիմախոսները բազմիցս հայտարարել են, որ 2020-ի նոյեմբերի 9-ի հրադադարի համաձայնագրի ստորագրումից հետո Փաշինյանը փախել է Երևանից և մի քանի օր թաքնվել է տարբեր գերատեսչությունների բունկերներում։
Հիշեցնենք` նոյեմբերի լույս 10-ի գիշերը Երևանում զանգվածային անկարգություններ տեղի ունեցան. ցուցարարները ներխուժել են կառավարության և խորհրդարանի շենք, ինչպես նաև ծեծի էր ենթարկվել ԱԺ նախկին խոսնակ Արարատ Միրզոյանը։