ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի - Sputnik. Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը հայտարարել է, որ ՄԱԿ-ի Միջազգային դատարանի որոշման հրապարակումից երեք օր առաջ Հայաստանը Ադրբեջանին է տրամադրել ականապատ դաշտերի բոլոր քարտեզները:
Նա նշել է, որ ՄԱԿ-ի Միջազգային դատարանի շրջանակներում ականապատ դաշտերի քարտեզների տրամադրման հարցը ևս բարձրացվել է, ու Բաքուն ներկայացրել է ականների վրա պայթած քաղաքացիների անունները:
Հիշեցնենք` սեպտեմբերին Հայաստանի Հանրապետությունը գանգատ էր ներկայացրել ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարան ընդդեմ Ադրբեջանի՝ խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի խախտման հիմքով: Իր հայցում Հայաստանը պահանջում էր, որ Ադրբեջանն անհապաղ ազատ արձակի հայ գերիներին, քաղաքացիական պատանդներին և այլ պահված անձանց, որոնք գերեվարվել են 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին կամ դրանից հետո զինված բախումների ժամանակ։ Մինչ այդ Ադրբեջանը պետք է նրանց հետ վարվի ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի պարտավորությունների շրջանակում։
Ադրբեջանը պետք է զերծ մնա հայերի նկատմամբ ազգային հողի վրա ատելություն սերմանող արտահայտություններից, այդ թվում՝ դադարեցնի այսպես կոչված «ռազմական ավարների այգու» գործողությունը։ Բաքուն պետք է ապահովի իրենց կողմից վերահսկվող տարածքում մշակութային հուշարձաններ (վանքեր, հուշարձաններ և այլն) այցելելու հնարավորությունը, ինչպես նաև իրական միջոցներ ձեռնարկի այդ հուշարձանների պահպանման համար:
Բաքուն էլ սեպտեմբերի 24-ին հայց էր ներկայացրել, որում պնդում է, թե իբր Հայաստանը մի շարք խտրական գործողություններ է իրականացրել և իրականացնում ադրբեջանցիների դեմ՝ նրանց ազգային և էթնիկ ծագման հիման վրա:
Դեկտեմբերի` 7-ին, դատարանը հրապարակեց իր որոշումը և Ադրբեջանից պահանջեց դադարեցնել հայերի նկատմամբ ռասայական ատելության հրահրումը։ Միջազգային դատարանը նույն պահանջը ներկայացրեց նաև Հայաստանին և կողմերին կոչ արեց ձեռնպահ մնալ ցանկացած գործողությունից, որը կարող է իրավիճակի վատթարացման հանգեցնել։
Նշենք, որ Ադրբեջանը վերջին անգամ Հայաստանին է փոխանցել նոյեմբերի 16-ին սահմանին տեղի ունեցած մարտերի ժամանակ գերեվարված 10 հայ զինվորականի։ Բայց Բաքվում շարունակում են մնալ տասսնյակ գերիներ, այդ թվում նաև` նոյեբերի 16–ին գերեվարվածներ։