Երևանի Արաբկիր վարչական շրջանում 36-ամյա տղամարդուն սպանելու փորձ կատարած անձը ձերբակալվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Երեկ հայտնել էինք, որ Ավետիսյան փողոցի շենքերից մեկի բնակարանից դանակահարված վիճակում «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի։ Հիվանդանոց մեկնած ոստիկանները պարզել են, որ տուժածը նշված փողոցի բնակիչ, 36-ամյա Տիգրան Տ.-ն է։ Պարեկներն էլ այդ ընթացքում պարզել են, որ վիճաբանություն-դանակահարությունը տեղի է ունեցել Վաղարշյան փողոցում գործող բենզալցակայանի հարևանությամբ։
Ոստիկանության Արաբկիրի բաժինը դանակահարության մասին ահազանգը ստացել է դեկտեմբերի 7-ին` ժամը 21։10-ին։
Դանակահարվածի մայրը ոստիկանություն ու շտապօգնություն է զանգել և հայտնել, որ որդուն դանակահարել են, ինչից հետո օպերատիվ խումբը Ավետիսյան փողոց է մեկնել՝ տուժողի տուն։ 36-ամյա տղամարդուն շտապօգնության խումբը տեղափոխել է «Արմենիա» բժշկական կենտրոն։ Նրա բնակարանում արյան հետքեր են եղել։
«Պարզվել է, որ դեպքը տանը չի եղել. տղամարդը դանակահարված վիճակում հասել էր տուն։ Հիվանդանոց մեկնած ոստիկանները չեն կարողացել զրուցել տուժողի հետ, քանի որ նա բժիշկների հսկողության տակ է գտնվել. ստացել էր մի քանի վնասվածք, այդ թվում՝ պարանոցի շրջանում»,– նշված է հաղորդագրությունում։
Արաբկիրի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են ոչ միայն դեպքի հանգամանքները, այլև հայտնաբերել են դեպքի վայրը։
Միջադեպը տեղի է ունեցել Վաղարշյան փողոցի թիվ 12 հասցեի մոտ։ Պարզվել է, որ տուժող տղամարդու և նույն թաղամասի բնակիչներից մեկի միջև կենցաղային վեճ է սկսվել։ Այդ ընթացքում էլ նա ստացել է դանակի մի քանի հարված։
Կասկածվողը 36-ամյա տղամարդ է՝ Ավետիսյան փողոցի բնակիչ։ Նրան հայտնաբերելու միջոցառումներին զուգահեռ Արաբկիրի ոստիկանները նաև բացատրական աշխատանք են տարել։ Կեսգիշերին մոտ կասկածվողը եկել է բաժին, ապա ոստիկանությունից ներկայացվել տարածքային քննչական բաժին, որտեղ դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել սպանության փորձի հատկանիշներով։
36-ամյա տղամարդը ձերբակալվել է։ Հարուցված քրեական գործի նախաքննությունն ու հանցագործության գործիքը հայտնաբերելու միջոցառումները շարունակվում են։