Երևանի քաղաքապետարանը ՀՀ արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանին կոչ է արել դադարեցնել Այգեստան 12-րդ փողոցի 8 հասցեում իրականացվող ապօրինի շինարարությունը։ Տեղեկությունը հայտնում են Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից։
«Երևան քաղաքի Այգեստան 12-րդ փողոցի հ. 8 հասցեում, առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի, դեռևս սույն թվականի սեպտեմբերից սկսած իրականացվել են բնակելի տան տանիքի վերակառուցման ինքնակամ շինարարական աշխատանքներ։ Բացի այդ, նոյեմբեր ամսվա վերջերից սկսած, մինչ օրս, նույն հասցեում իրականացվում են նաև երկհարկանի շինության կառուցման ինքնակամ աշխատանքներ»,– նշում են քաղաքապետարանից։
Վերոնշյալի առնչությամբ Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության կողմից իրականացվող վարչարարության ընթացքում հիշյալ հասցեի սեփականատեր Գերասիմ Մանուկյանին ուղարկվել են գրավոր ծանուցումներ՝ իրավախախտման փաստն արձանագրելու և շինարարական աշխատանքները կասեցնելու նպատակով։
Ըստ ձեռք բերված բանավոր տեղեկատվության` Գերասիմ Մանուկյանի մահից հետո, այդ հասցեում ինքնակամ շինարարական աշխատանքները նախաձեռնվել, կազմակերպվել են և իրականացվում են վերջինիս որդու՝ ՀՀ վճռաբեկ դատարանի նախկին նախագահ, ՀՀ արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանի կողմից:
Ինքնակամ շինարարական աշխատանքները խնդրո առարկա հասցեում բացառելու նպատակով գրություններ են ուղարկվել նաև ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժին՝ Երևանի քաղաքապետարանին օժանդակելու համար, սակայն նույնիսկ ոստիկանական ուժերի օժանդակությամբ հնարավոր չի եղել մինչ օրս կասեցնել ապօրինի կառույցի իրականացման աշխատանքները, քանի որ դեպի հողամաս մուտք գործելու դուռը մշտապես փակ է:
Հավելենք` «Հրապարակ» օրաթերթը հայտնում է, որ կապ են հաստատել Հովհաննես Մանուկյանի հետ, որը վստահեցրել է, որ այդ հասցեում ինքը տարածք չունի։
Նա զարմացել է և ընդգծել, որ ինքն այդ մասին առաջին անգամ է լսում ու տեղեկություն չունի ինչի մասին է խոսքը։