ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի – Sputnik. Դեկտեմբերի 10-ին «3+3» կամ «3+2» ֆորմատի հանդիպում է տեղի ունենալու, որին ԱԳ փոխնախարարի մակարդակով կմասնակցի նաև Հայաստանը։ ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա հիշեցրեց, որ ավելի վաղ հայտնել էր` Հայաստանը «3+3» ձևաչափով կարող է հետաքրքրված լինել, եթե պարզվի, որ այդ հարթակներում չեն քննարկվելու այնպիսի հարցեր, որոնց վերաբերյալ ՀՀ–ն արդեն իսկ ընդգրկված է այլ հարթակներում։
«Այդ հարցը քննարկել ենք մեր գործընկերների, մասնավորապես ՌԴ գործընկերների հետ, և ունենք ազդակ, որ իրենք նույնպես կիսում են այդ տեսակետը։ Դեկտեմբերի 10-ին կկայանա նախնական նիստ արտաքին գործերի փոխնախարարների մակարդակով, որին կմասնակցենք։ Այնտեղ պետք է քննարկվի հետագա անելիքները»,–ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով` հետագա անելիքները կորոշվի ըստ այդ քննարկումների։ Վարչապետը նշեց նաև, որ տարածաշրջանային արտաքին քաղաքականության մեջ փորձելու են ակտիվ լինել, հիմա պետք է փորձեն տարածաշրջանային երկխոսության հարթակներ գտնել։
Հիշեցնենք` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ իրանցի գործընկերոջ հետ քննարկել է Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի հետ «3+3» բանակցային ձևաչափ ստեղծելու նախաձեռնությունը՝ տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցով:
Լավրովն ասել էր, որ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումն օգուտ կբերի ոչ միայն Հայաստանին և Ադրբեջանին, այլ նաև Վրաստանին: Իրանը, Ռուսաստանը և Թուրքիան` որպես այս երեք հանրապետությունների ամենամոտ հարևաններ, նրա դիտարկմամբ, նույնպես կշահեն դրանից։