Արարատ Միրզոյանը և Սերգեյ Լավրովը զրուցել են հեռախոսով. ԼՂ–ին վերաբերող հարցեր են քննարկել

Արարատ Միրզոյանն ու Սերգեյ Լավրովը
Հեռախոսազրույցի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ Ադրբեջանի ղեկավարության կողմից հնչող ռազմատենչ հայտարարությունները և ուժի կիրառման սպառնալիքները լրջորեն վտանգում են տարածաշրջանային կայունությունը և անվտանգությունը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի - Sputnik. Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։
Ըստ հաղորդագրության` նախարարները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Կարևորվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական ու համապարփակ կարգավորման նպատակով խաղաղ գործընթացի լիարժեք վերականգնումը։
Միրզոյանն ու Լավրովը քննարկել են նաև 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ․ հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններով կողմերի ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը։
Դեկտեմբերի 10-ին «3+3» կամ «3+2» ֆորմատի հանդիպում կլինի, որին կմասնակցի ՀՀ–ն. Փաշինյան
Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանի ղեկավարության կողմից հնչող ռազմատենչ հայտարարությունները և ուժի կիրառման սպառնալիքները լրջորեն վտանգում են տարածաշրջանային կայունությունը և անվտանգությունը:
Նախարարները քննարկել են նաև «3+3» ձևաչափին առնչվող, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային օրակարգի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։
ԵԱՀԿ ՄԽ երկրների արտգործնախարարները կոչով դիմել են Երևանին և Բաքվին. հայտարարություն
Հիշեցնենք` նոյեմբերի 26–ին Սոչիում կայացավ Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի առաջնորդների հանդիպումը։ Եռակողմ հանդիպումից առաջ Պուտինն առանձնազրույց էր ունեցել Ալիևի հետ։ Բանակցությունները տևեցին երեք ժամ։ Եռակողմ հանդիպմանը հաջորդեց Պուտին–Փաշինյան առանձնազրույցը։ Բանակցությունների արդյունքում ստորագրվեց համատեղ հայտարարություն։
Հայտարարվեց, որ պայմանավորվել են մինչև տարեվերջ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման և սահմանազատման մեխանիզմներ ստեղծել, քայլեր ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանի կայունության և անվտանգության մակարդակի բարձրացման ուղղությամբ։
Նշենք, որ Փաշինյանն ու Ալիևը համաձայնել են հանդիպել նաև դեկտեմբերի 15-ին Բրյուսելում, ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակում։